ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին անընդունելի է․ Ռուտտե

Հյուսիսատլանտյան դաշինքը մտադրություն չունի իր ուժերն ու ենթակառուցվածքները հետ քաշել նախկին դիրքեր։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն՝ ընդգծելով, որ վերադարձը դաշինքի՝ 1997 թվականի սահմաններին «բացարձակապես անընդունելի» է։

Ըստ ՆԱՏՕ-ի ղեկավարի՝ դաշնակիցներից ոչ մեկը նման գաղափարը ողջամիտ չի համարում։ «ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին անընդունելի է։ Դաշինքի ներսում ոչ ոք սա լավ գաղափար չի համարում, և հենց այդ պատճառով էլ այն անընդունելի է։ Նման որոշումները կայացնում է ՆԱՏՕ-ն, այլ ոչ թե կառույցից դուրս գտնվող որևէ մեկը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Գլխավոր քարտուղարի այս հստակ հայտարարությունը հաջորդել է արևմտյան լրատվամիջոցների հրապարակումներին, ըստ որոնց՝ նոյեմբերին Աբու Դաբիում տեղի են ունեցել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև եռակողմ խորհրդակցություններ՝ փակ դռների հետևում։ Համաձայն այդ հաղորդումների՝ ռուսական պատվիրակությունը ներկայացրել է պահանջների փաթեթ՝ կապված Եվրոպայում անվտանգության ճարտարապետության հետ։ Այդ պահանջների առանցքային կետերից մեկը, կրկին, ՆԱՏՕ-ի զորքերի և ռազմակայանների դուրսբերումն է եղել այն երկրներից, որոնք դաշինքին են միացել 1997 թվականից հետո (այդ թվում՝ Լեհաստանից և Մերձբալթյան երկրներից), նաև Կիեւին արևմտյան զենքի մատակարարումների դադարեցումը։

Leave a comment