Նոր Սահմանադրության նախագծով ընդլայնվում են կուսակցություններ արգելելու հիմքերը

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է ընդլայնել կուսակցությունների գործունեությունն արգելելու իրավական հիմքերը։ Նոր դրույթները վերաբերում են նաև օտարերկրյա ֆինանսավորմանն ու կուսակցությունների ներքին կառավարմանը, հայտնում է Factor.am-ը:

2015 թվականին ընդունված Սահմանադրության և հրապարակված նոր նախագծի համեմատությամբ մի շարք էական փոփոխություններ են նախատեսվում քաղաքական կուսակցությունների ու զանգվածային լրատվության միջոցների գործունեության սահմանադրական կարգավորման ոլորտում։

Գործող Սահմանադրությամբ զանգվածային լրատվության միջոցների ազատության երաշխիքներն ամրագրված են երկրորդ գլխում՝ կարծիքի արտահայտման ազատությանը վերաբերող ընդհանուր հոդվածի ներքո։

Մինչդեռ նոր նախագծով կուսակցությունների և լրատվամիջոցների կարգավորումներն առանձնացվել են հատուկ՝ երրորդ գլխում, որը վերնագրված է «Կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ»։ ԶԼՄ-ների գործունեությանն առանձին անդրադարձ է կատարվում նաև նախագծի 28-րդ հոդվածում։

Գործող Մայր օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ կարող են արգելվել այն քաղաքական ուժերը, որոնք սահմանադրական կարգը տապալելու նպատակով քարոզում կամ կիրառում են բռնություն։

Նոր նախագծով, սակայն, առաջարկվում է այս հիմքերին ավելացնել ևս 4 հանգամանք, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելել կուսակցության գործունեությունը․

-օտարերկրյա աղբյուրից ֆինանսավորում ստանալը,

-պետության անկախությունից հրաժարվելու քարոզը,

-ազգային կամ կրոնական ատելություն բորբոքելը,

-գործունեությունը ընտրողի ազատ կամքի արտահայտումը խաթարելուն ուղղված լինելը։

Եթե գործող Մայր օրենքում նշվում է, որ կուսակցությունների կառուցվածքն ու գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին, ապա նոր նախագծում ավելացվել է պարտադիր պահանջ․ «Կուսակցություններում պետք է գործեն կուսակցական մարմինների ձևավորման ընտրական համակարգեր»։

Նոր նախագծում որպես հիմնական արգելք ուղղակիորեն ներառվել է որևէ կուսակցության կամ միավորման անդամագրվելուն կամ հավաքին մասնակցելուն հարկադրելու արգելքը։

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը, որտեղ բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Ներկայիս Սահմանադրության նախաբանը սկսվում է «Հայ ժողովուրդը» ձևակերպմամբ, մինչդեռ առաջարկվող տարբերակում օգտագործվել է «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը» արտահայտությունը։ Նոր տեքստում այլևս ներառված չէ նաև «Հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» ձևակերպումը։

Leave a comment