«Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկությունը մերժում է, թող ժամանակ ու ջանք չծախսեն, քանի՞ անգամ կարելի է նույն բանը կրկնել».

«Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկությունը մերժում է, թող ժամանակ ու ջանք չծախսեն, քանի՞ անգամ կարելի է նույն բանը կրկնել։ Փաշինյանի հետ բանակցելը բացառվում է, ահաբեկիչների հետ չենք բանակցում»,- խորհրդարանական ճեպազրույցներում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված նոր Սահմանադրության նախագծին  եւ իշխանության առաջարկին՝ տալ 6 ձայն, հանրաքվեն ապահովելու համար։

«Փաշինյանի գործողությունները ահաբեկչի գործողություններ են. քաղաքական ուժերի ղեկավարներին կալանավորել, քրեական գործեր, դատական գործընթացներ, դա ահաբեկչին բնորոշ գործողություն է։ Ներսում Փաշինյանը սպառնում է բուլդոզերով, դրսից Ադրբեջանը սպառնում է պատերազմով։ Այս պայմաններում ի՞նչ հանրաքվեի մասին կարող ենք խոսել։ Եթե կարող է, այդքան քաջություն ունի, թող իր երկրորդ սպառնալիքը իրականացնի՝ արտահերթ ընտրություններ։ Բայց ինչպես նկատեցիք, Ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ կամ սահմանադրություն, կամ ժողովուրդը ձեզ կհեռացնի, բացառեց արտահերթ ընտրությունները։ Փաշինյանը այս քանի օրը ասում է՝ իրեն հեռացնելու միակ հնարավորությունը ապստամբությունն է, հեղափոխությունն է։ Ներողություն, այսինքն՝ ինքը բացառո՞ւմ է, որ ընտրություններով կարող է ինքը հեռանա։ Բրեժնևն է ինքը․ ասում են՝ Բրեժնևն ուզում էր գնար, Պոլիտբյուրոն իրեն չէր թողնում։ Այն մարդիկ, որոնք հետը երգում-պարում են՝ «ուր էլ գնաս, հետդ կգամ», միգուցե այդ հարցն էլ կա։ Ինչևէ։

Չի կարելի ձին կառքից հետևում լծել։ Մենք ասում ենք՝ Փաշինյանը պիտի գնա, որ Սահմանադրությունը չփոխվի, Հայաստանը չդառնա Ադրբեջանի վասալ պետություն, Հայաստանը չդառնա Ադրբեջանի գաղութը։ Կարևորը դա է։ Եթե Սահմանադրությունը փոխվեց, Հայաստանը դարձավ ադրբեջանական գաղութ, է՛ ո՞վ ասեց, որ ընտրություններ կլինեն՝ հերթական կամ արտահերթ։ Այսօր ինքը նոր պայմաններ է դրել՝ կհեռանա խաղաղության ինստիտուցիոնալացումը և վերջնականացումն ավարտելուց հետո․ դա ի՞նչ է, ինչ-որ մեկը պատկերացում ունի՞՝ դա ինչ է իրանից ներկայացնում։ Ինքը տաղանդ ունի, չէ՞, այնպես մտքերը ձևակերպի, որ հետո ոնց ուզենա, փոխի։ Հիշո՞ւմ եք՝ անկլավների հարցը, եթե տեսնի էլ խուսանավելու տեղ չկա, կասի՝ դե շատ բան եմ ասել»։

Հայաստանի սահմանադրության, մասնավորաբար, Անկախության հռչակագրի կոնֆլիկտածին լինելու մասին էլ ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Չկա նման բան։ Ե՞րբ սկսեց կոնֆլիկտը․ երբ պատերազմով մենք հասանք այս ողբերգական վիճակին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը։ Ընդդիմադիրների առաջին արձագանքները բացասական են։ Վերջին խորհրդարանական քննարկումներում «Հայաստան» դաշինքը հստակ հայտարարել էր՝ «գործարքի չեն» գնալու, «Ուժեղ Հայաստան» դաշինքը նույնպես հայտարարել էր, որ դեմ է նոր Սահմանադրությանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment