Քաղաքականություն
23.11.2026 | 14:41
2015 թվականին ընդունված Սահմանադրությունում և Սահմանադրության նոր նախագծում զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) և քաղաքական կուսակցությունների կարգավորման ոլորտում առկա են մի շարք բովանդակային, կառուցվածքային և սկզբունքային տարբերություններ։
Գործող Սահմանադրությունում ԶԼՄ-ների ազատությունը կարգավորված էր 2-րդ գլխում՝ կարծիքի արտահայտման ազատության ընդհանուր հոդվածի ներքո։ Նոր նախագծում ԶԼՄ-ներին նվիրված է առանձին 3-րդ գլուխը («Կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ») և հատուկ 28-րդ հոդվածը։
Այժմ Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվում են միայն այն կուսակցությունները, որոնք քարոզում կամ կիրառում էին բռնություն սահմանադրական կարգը տապալելու նպատակով։
Նոր նախագծով ավելացվել են ՍԴ որոշմամբ կուսակցության գործունեությունն արգելելու նոր հիմքեր՝
-օտարերկրյա աղբյուրից ֆինանսավորում ստանալը,
-պետության անկախությունից հրաժարվելու քարոզը,
-ազգային կամ կրոնական ատելություն բորբոքելը,
-գործունեությունը ընտրողի ազատ կամքի արտահայտումը խաթարելուն ուղղված լինելը։
Եթե գործող Մայր օրենքում նշվում է, որ կուսակցությունների կառուցվածքն ու գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին, ապա նոր նախագծում ավելացվել է պարտադիր պահանջ․ «Կուսակցություններում պետք է գործեն կուսակցական մարմինների ձևավորման ընտրական համակարգեր»։
Նոր նախագծում որպես հիմնական արգելք ուղղակիորեն ներառվել է որևէ կուսակցության կամ միավորման անդամագրվելուն կամ հավաքին մասնակցելուն հարկադրելու արգելքը։
Եվգենյա Համբարձումյան