Կառավարությունը որոշում է ընդունում՝ ձեր գույքը պետք է վերցնենք, և վերջ. Պետական կարիքների զոհերի ՀԿ նախագահը՝ աղմուկ հանած նախագծի մասին

«Կառավարության որոշմամբ փոխվում են նախկինում ընդունված որոշումները, այնքանով, որքանով գործընթացի իրագործումը պատվիրակվում է նոր ընկերությունների: Նաև օրենքի փոփոխությամբ է պայմանավորված նախկինում կայացված որոշումները չեղարկելը և նոր որոշումներ ընդունելը, ինչի պարագայում գործընթացը կարող է մեկնարկել նոր ընթացակարգի պահպանմամբ, այսինքն՝ արտադատական կարգով, ինչն ինքնին խնդրահարույց է»,- Մեդիա կենտրոնում կայացած «Հանրության գերակա շա՞հ, թե՞ սեփականության իրավունք. կառավարության նոր նախագիծը» խորագրով  քննարկման ժամանակ նշեց Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի համահիմնադիր, ավագ իրավախորհրդատու Դավիթ Գյուրջյանը՝ անդրադառնալով կառավարության աղմուկ հանած որոշման նախագծին, որը կազմակերպությունները պահանջում են հանել շրջանառությունից:

Նրա ձևակերպմամբ՝ «Կառավարության որոշման ամենախնդրահարույց կետն այն է, որ ստացվում է՝ արդեն դատական կարգով իրագործման մեկնարկած մեխանիզմը չեղարկվում է, և հնարավորություն է ընձեռվում այն իրացնել արտադատական կարգով: Սա ուղիղ հակասում է ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի կարգավորումներին, համաձայն որոնց՝ այն օրենքները և իրավական ակտերը, որոնք վատթարացնում են անձի դրությունը, չեն կարող ընդունվել»:

Մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ անց:

Պետական կարիքների զոհերի ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, պատասխանելով այն հարցին, որ իրենց կազմակերպությունը երկար տարիներ զբաղվում է գերակա շահի անվան տակ հանրության սեփականության օտարման խնդիրներով, և թե իր դիտարկմամբ՝ Հայաստանում որքանով է ապահովված քաղաքացիների սեփականության իրավունքը նման գործընթացներում, և որոնք են ամենահաճախ հանդիպող խախտումները, այսպես արձագանքեց.

«20 տարվա ընթացքում մենք շատ ենք դիտարկել սկզբում գերակա պետական կարիքների, հետո գերակա հանրային շահի, քաղաքացու սեփականության օտարման հետ կապված հարցերը: Կուզենայի, որ հանրությունը լավ պատկերացնի մի հասարակ բան՝ ինչու ստեղծվեց այս օրենքը… Առաջին անգամ օրենքը դուրս եկավ 2006 թ.:

Պետական կարիքների թեման սկսվեց 2002 թ. Հյուսիսային պողոտայից, երբ քաղաքացիներին ունեզրկեցին, ձեռքներից խլեցին սեփականությունը, կատարվեց ու մինչև հիմա կատարվում է սեփականության վերաբաշխում: Քանի որ այդ գործընթացը կատարվել է ՀՀ Սահմանադրության և Սահմանադրական դատարանի որոշումների խախտումով, որպեսզի հետագայում քաղաքացիները՝ սեփականատերերը, իրավունք չունենային դիմելու Եվրոպական դատարան, ստեղծվեց այս չարաբաստիկ օրենքը, որը կոչվում էր բացառիկ գերակա հանրային շահ:

Այս օրենքը հիմնականում քաղաքացիների սեփականությունը պաշտպանելուն չի միտված: Դրա մեջ կա մի հետաքրքիր՝ 18-րդ հոդված. այն քաղաքացիները, որոնք պայմանագրերը ստորագրել էին, ուրեմն պետք է համարել, որ քաղաքացիների գույքն օտարվել է օրենքով: Այսինքն՝ օրենքով հետադարձ ուժ տվեցին այն անօրինականությանը, որը կատարվել էր 2002 թ.: Դրանից հետո այս օրենքը 5 անգամ վերափոխվեց: Եվ 5 անգամ վերափոխվելուց հետո այսօր գրվել է մի օրենք, ըստ որի՝ կառավարությունը որոշում է ընդունում, որ ձեր գույքը պետք է վերցնենք, և վերջ…»:

Քննարկումն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment