Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նոր Սահմանադրության նախագիծը որակել է Ադրբեջանի նախագահի պահանջների կատարմանն ուղղված քայլ:
Նա նաև նշել է, որ գործող Սահմանադրության հետ համեմատությունը ցույց է տալիս մի քանի կոնկրետ հետընթաց:
«Սահմանափակվում է ընտրելու իրավունքը։ Եթե վերջին երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես չես բնակվել Հայաստանում, չես կարող մասնակցել համապետական ընտրության կամ հանրաքվեի (հոդված 20)։
- Թույլատրվում է քաղաքացիությունից զրկել։ Այսօր Սահմանադրությունն արգելում է դա։ Նախագիծը թույլ է տալիս դատարանի որոշմամբ քաղաքացիությունից զրկել՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար (հոդված 24)։
- Ազատությունից զրկելու հիմքերի ցանկը հանվում է Սահմանադրությունից։ Այսօր այդ հիմքերը թվարկված են հենց Սահմանադրությամբ։ Նախագիծը դրանց սահմանումը թողնում է օրենքին (հոդվածներ 20 և 23)։
- Քրեական գործով պաշտպանության մի շարք երաշխիքներ այլևս առանձին չեն ամրագրվում։ Խոսքը սեփական ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու, պաշտպանությունը նախապատրաստելու համար բավարար ժամանակ ունենալու, վկաներին հարցաքննելու և անվճար թարգմանիչ ունենալու մասին է (հոդված 20)։
- Թուլանում է պաշտպանությունը վարչական կամայականությունից։ Նախագծում առանձին չեն ամրագրվում քաղաքացու՝ իր գործի փաստաթղթերին ծանոթանալու և իր իրավունքներին միջամտող որոշումից առաջ լսվելու իրավունքները (հոդված 20)»,-ասվում է գրառման մեջ:
Մեկ այլ գրառմամբ ընդդիմադիր գործիչը հիշեցրել է, որ Սահմանադրության նոր տեքստի մշակման նպատակով վարչապետի որոշմամբ ձևավորվել էր Սահմանադրական խորհուրդ, որի գործունեության համար նախատեսվել էր հատուկ աշխատակարգ։ Այդ կարգի համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները պետք է քննարկվեին խորհրդի անդամների մասնակցությամբ, իսկ դրանց ընդունման որոշումները կայացվեին քվեարկության միջոցով։
«Բայց երբ խորհրդում դիմադրություն առաջացավ, որոշեցին շրջանցել հենց իրենց սահմանած ընթացակարգը և հրապարակել Սրբուհի Գալյանի նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ։ Ու չգիտես՝ ինչու դա կոչվում է «Քո Սահմանադրությունը»։
Ինչո՞ւ այս շտապողականությունը։ Իմ գնահատմամբ՝ Ալիևի ճնշման տակ նրա պահանջը հնարավորինս արագ կատարելու համար արդեն խոչընդոտ են համարում անգամ իրենց ստեղծած խորհրդի քննարկումներն ու քվեարկությունները։
Գալյանի ներկայացրած և Փաշինյանի ստորագրած այս տեքստը քաղաքական իմաստով Ալիևի նախագիծն է։ Հենց սա պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի»,-գրել է նա։