Ղամբարյան․ Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը

Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը, այս մասին հայտարարել է ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը։

Այսօր հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, նախաբանում բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։

Պրոֆեսոր Ղամբարյանն այս ֆոնին հիշեցրել է 2020 թվականին հրապարակված իր հոդվածը, որում նշել էր. «Կգա մի ժամանակաշրջան, երբ արկածախնդիրները հայկական պետականությունը կփորձեն տանել կամ կտանեն տարրալուծման ճանապարհով: Նման պայմաններում Սահմանադրությունը կարող է դադարել գործել (Սահմանադրությանը ներհատուկ է նոր խմբագրությամբ շարադրելով այն փաստացի դադարեցնելու հնարավորությունը), մինչդեռ հայ պետականության հավերժական և անծախ (անսպառ) երաշխիքը՝ Անկախության հռչակագիրը, չի կարող դադարել, այն չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն, այն հարատև գործող փաստաթուղթ է: Բոլոր իրավիճակներում այն անխուսափելիորեն կհանդիսանա անօտարելի, սակայն կորցված պետականությունը վերականգնելու հիմք: Անկախության հռչակագիրը պետականախնդրության ակտ է՝ տարրալուծված պետականությունը վերագտնելու և վերականգնելու մեծահռչակ պահանջ է»։

Իսկ այսօր Արթուր Ղամբարյանն ավելացրել է. «Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը»։

Aysor.am

Leave a comment