ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի գործնական փուլի մեկնարկի առիթով՝ շնորհավորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ցանկություն հայտնելով հաջորդ տարի նրան հրավիրել Սպիտակ տուն՝ Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու շրջանակում։
Ինչու է դա կարևոր. ԱՄՆ նախագահի հայտարարությունը վերահաստատում է Վաշինգտոնի քաղաքական աջակցությունը TRIPP նախագծի հաջողությանը և տարածաշրջանային խաղաղության առաջմղմանը՝ ընդգծելով, որ նախագիծը կստեղծի նոր առևտրային, էներգետիկ և ճանապարհորդական ուղիներ տարածաշրջանում՝ Հայաստանի ինքնիշխանության և իրավասության պահպանմամբ։
ԱՄՆ նախագահի ուղերձի և TRIPP նախագծի առանցքային մանրամասները.
-
Դոնալդ Թրամփի հայտարարության հիմնական շեշտադրումները.
-
ԱՄՆ-ի և Հայաստանի միջև այս գործընկերությունը կստեղծի նոր առևտրային ուղիներ ողջ տարածաշրջանում ապրանքների և էներգետիկ հոսքերի, ինչպես նաև ճանապարհորդությունների համար, իսկ Վաշինգտոնը հանձնառու է ապահովել դրա մեծ հաջողությունը։
-
Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ Թրամփը նշել է, որ նա ընտրել է խաղաղության ուղին և աշխատել ԱՄՆ-ի հետ՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը։
-
ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել հաջորդ տարի Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն (երբ նա ժամանի Վաշինգտոն՝ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու)՝ տարածաշրջանային խաղաղությունն առաջ մղելու և երկկողմ կապերին զարկ տալու ուղիները քննարկելու համար։
-
Թրամփը նաև ընդգծել է ԱՄՆ տնտեսական ցուցանիշները՝ նշելով, որ ներկայումս Միացյալ Նահանգներում ներդրվում է աննախադեպ ծավալի՝ 22 տրիլիոն դոլար։
-
-
TRIPP նախագծի շրջանակն ու իրականացման մեխանիզմը.
-
Նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի (երկաթուղային, ավտոճանապարհային, էներգետիկ և թվային) ստեղծում, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար։
-
Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են TRIPP-ի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր, որի համաձայն՝ Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունն ու իրավասությունը իր տարածքում գտնվող ենթակառուցվածքների նկատմամբ։
-
Նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը, իսկ AECOM միջազգային ինժեներական-խորհրդատվական ընկերության մասնագետներն ավելի վաղ իրականացրել են տարածքի հետազոտություն՝ երկաթուղու և այլ ենթակառուցվածքային օբյեկտների նախագծման համար։
-