ՀՌՀ-ի փոխարեն՝ նոր ինքնավար մարմին․ ինչ փոփոխություններ են առաջարկվում ԶԼՄ-ների համար

Քաղաքականություն

23.11.2026 | 14:04

2015 թվականին ընդունված Սահմանադրությունում և Սահմանադրության նոր նախագծում զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) և քաղաքական կուսակցությունների կարգավորման ոլորտում առկա են մի շարք բովանդակային, կառուցվածքային և սկզբունքային տարբերություններ։

Գործող Սահմանադրությունում ԶԼՄ-ների ազատությունը կարգավորված էր 2-րդ գլխում՝ կարծիքի արտահայտման ազատության ընդհանուր հոդվածի ներքո։ Նոր նախագծում ԶԼՄ-ներին նվիրված է առանձին 3-րդ գլուխը («Կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ») և հատուկ 28-րդ հոդվածը։

Նոր նախագծի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանադրաիրավական մակարդակով ամրագրվել է նոր պահանջ․ «Զանգվածային լրատվության միջոցները գործում են ֆինանսական թափանցիկության սկզբունքով»։

2015 թ.-ի Սահմանադրությամբ ՀՌՀ-ն հանդիսանում է անկախ սահմանադրական պետական մարմին։ Նոր նախագծում ՀՌՀ-ն դուրս է հանվել Սահմանադրությամբ նախատեսված հիմնական մարմինների ցանկից․ ըստ անցումային դրույթների՝ այն շարունակելու է գործել միայն մինչև օրենքով դրա գործառույթներն իրականացնող ինքնավար մարմնի ձևավորումը։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment