Վարչապետ․ TRIPP-ը բացառիկ նշանակություն կունենա ՀՀ տնտեսական առաջխաղացման գործում

ՀՀ և ԱՄՆ Կառավարությունների կողմից համատեղ իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» TRIPP նախագծի և տարածաշրջանային ապաշրջափակման գործնական փուլի մեկնարկը հիրավի պատմական իրադարձություն է ՀՀ նորագույն պատմության մեջ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ TRIPP-ն անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրին է, որը բացառիկ նշանակություն կունենա ՀՀ տնտեսական առաջխաղացման գործում:

«Ընդամենը մեկ տարի առաջ՝ 2025թ. օգոստոսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը բեկումնային նշանակություն ունեցավ Հարավային Կովկասի կերպափոխման և այսօրյա աննախադեպ իրողությունների հաստատման համար։ ԱՄՆ նախագահի ներկայությամբ ու մասնակցությամբ՝ իմ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագիրը հնարավորություն ընձեռեց շրջելու տասնամյակներ տևող հակամարտության էջը՝ ճանապարհ հարթելով հարատև խաղաղության և կայունության համար։

Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի թերևս ամենակարևոր ձեռքբերումներից մեկը TRIPP-ն է, որը միտված է Հարավային Կովկասում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիակատար հարգանքի հիման վրա։

Բացի Ադրբեջանի և այդ երկրի Նախջևանի Ինքնավար Հանրապետությունն իրար հետ կապելու և Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից՝ TRIPP-ն ունենալու է հսկայական տարածաշրջանային և միջազգային նշանակություն՝ լրացուցիչ կենսունակություն հաղորդելով Տրանսկասպյան առևտրային երթուղուն և Արևմուտք – Արևելք կապակցվածությանը»,-ասվում է ուղերձում:

Փաշինյանը հավելել է, որ խաղաղությունից զատ՝ TRIPP նախագիծն էականորեն նպաստելու է արտաքին շուկաներին Հայաստանի հասանելիության աճին, Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը և ներդրումների խթանմանը։ Այն հավասարապես կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի շրջանների, հատկապես, Սյունիքի մարզի բնակչության համար՝ թույլ տալով լիարժեք կերպով բացահայտել մարզի զարգացման ներուժը։

«TRIPP-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման գործում, քանի որ բարձրացնելու է մեր երկրի կշիռը և դրանով հանդերձ զգալիորեն ընդլայնելու է Հայաստանի կայունության և ապահովության հարցում շահագրգիռ կողմերի շրջանակը։

Սրա մասին է վկայում ներդրողների, գործընկեր պետությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից Հայաստանի և TRIPP-ի նկատմամբ առկա հսկայական հետաքրքրությունը և մեր երկրում ընթացող գործընթացներից անմասն չմնալու խիստ արտահայտված ցանկությունը։

Ընթացիկ իրադարձությունները ՀՀ կառավարության խաղաղության և տարածաշրջանային կայունություն հաստատելու օրակարգի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև առավել բարեկեցիկ և փոխկապակցված Հայաստան ունենալու տեսլականի կենսունակության առհավատչյան են»,-ասվում է ՀՀ վարչապետի ուղերձում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի առիթով ուղերձ է հղել՝ բարձր գնահատելով Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ու խաղաղության հաստատման ուղղությամբ համագործակցությունը։

Նա կարևորել է Սպիտակ տանը նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածություններն ու խաղաղության գործընթացի շարունակությունը՝ ԹՐԻՓՓ նախաձեռնությունը ներկայացնելով որպես այդ ձեռքբերումների գործնական զարգացման հաջորդ փուլ։

Leave a comment