Կամավոր հանձնումներ՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։
Մասնավորապես, նոյեմբերի 18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գորիս-Խնձորեսկ ճանապարհի հարակից աղբյուրի մոտ զենք-զինամթերք է թողել։ Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, 3 նռնակ՝ պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 621 փամփուշտ և այլ զինամթերք։
Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած մեկ այլ քաղաքացի էլ զենք-զինամթերք էր թողել Սյունիքի մարզի Քարահունջ բնակավայրի վարչական տարածքում գտնվող աղբյուրի մոտ։ Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, մեկփողանի և երկփողանի որսորդական 2 հրացան, գնդացիր-ատրճանակ, սվին-դանակ, տարբեր տեսակի 5 նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 1000 փամփուշտ և այլ զինամթերք։
Նոյեմբերի 18-ին զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Կեչուտի ջրամբարի հարակից տարածքում՝ ծառի տակ։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 170 փամփուշտ և փամփշտատուփ։
Զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքն գրանցվել նաև Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Նոյեմբերի 18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ բնակավայրի կամրջի տակ, որտեղ էլ քրեական ոստիկանները հայտնաբերել են 2 մարտական ատրճանակ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։