Հանրության գերակա շահ, թե՞ սեփականության հարկադիր խլում․ իրավապաշտպաններն ահազանգում են

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ներկայացրել է Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահը կրկին ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ կարծիք՝ բարձրաձայնելով սեփականության իրավունքի, իրավակարգավորման հետադարձության և դատական պաշտպանության երաշխիքներին առնչվող մի շարք խնդիրներ։

Կազմակերպությունների գնահատմամբ՝ նախագծով առաջարկվող կարգավորումները կարող են հանգեցնել սեփականության հարկադիր օտարման գործընթացներում սահմանադրական երաշխիքների խաթարման։ Կազմակերպություններն առաջարկում են նախագիծը հանել շրջանառությունից։

«Սա, երևի թե, ամենակարևոր փոփոխությունն էր, որը արձանագրվեց այս փաթեթի շրջանակներում։ Ներկայումս այլևս անհրաժեշտ չէ, որ լինի դատական վճիռ կամ սեփականատիրոջ համաձայնություն՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերողին փոխանցելու տեսանկյունից։ Բավարար է, որ օրենքով սահմանված որոշակի պայմանների առկայության պարագայում, երբ փոխհատուցումը՝ դեպոզիտ հաշվին սահմանված կարգով որոշված գումարը, վճարվել է ձեռքբերողի կողմից, և սահմանված ժամկետում սեփականատերը չի ստացել համապատասխան գումարը, դա արդեն հանգեցնում է օրենքի ուժով սեփականության իրավունքի փոխանցմանը ձեռքբերողին՝ առանց դատական որևէ պարտադիր ընթացակարգի։

Ըստ էության, ընթացակարգը հանգում է հետևյալին. օտարման պայմանագրի նախագիծը ձեռքբերողն ուղարկում է սեփականատիրոջը և այլ գույքային իրավունք ունեցող անձանց, և եթե երեք ամսվա ընթացքում պայմանագիրը չի կնքվում, ապա դրան հաջորդող մեկ ամսվա ընթացքում ձեռքբերողը պարտավորվում է դեպոզիտ հաշվին փոխանցել համապատասխան համարժեք փոխհատուցման գումարը՝ դրան ավելացնելով այդ գումարի 20%-ը։ Եվ փոխանցումից հետո երկու շաբաթվա ընթացքում, եթե սեփականատերը կամ այլ գույքային իրավունք ունեցողը չի ստանում այդ գումարը, ապա արդեն օրենքի ուժով է փոխանցվում սեփականության իրավունքը՝ այդ գործընթացին հաջորդող 30-րդ օրը»,- «Հանրության գերակա շա՞հ, թե՞ սեփականության իրավունք. կառավարության նոր նախագիծը» խորագրով Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ ասաց Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը՝ անդրադառնալով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքը ամբողջական վերանայման ենթարկելուն և սեփականության իրավունքի դադարեցման դատական կարգը արտադատական մեխանիզմով փոխարինելուն։

Նրա ձևակերպմամբ՝ հիմնական խնդիրը, որը տեսնում են սահմանադրական երաշխիքների տեսանկյունից, արդար դատաքննության իրավունքի, արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և սեփականության իրավունքի սահմանադրական երաշխիքների տիրույթում է։

«Մեր Սահմանադրությունը նախատեսում է սեփականության իրավունքի դադարեցման, տվյալ դեպքերում՝ հանրության շահերի ապահովման նպատակով սեփականության դադարեցման կարգ միայն բացառիկ դեպքերում՝ օրենքով նախատեսված կարգով և նախնական ու համարժեք փոխհատուցման պայմանով։

Առաջնային խնդիրն այն է, որ շատ դեպքերում հնարավոր է՝ խախտվի հենց նախնական և համարժեք փոխհատուցման սահմանադրական պահանջը, քանի որ, եթե ի վերջո դատարանը պարզի, որ դեպոզիտ հաշվին փոխանցված գումարն ավելի քիչ էր, քան տվյալ գույքի համար նախատեսված շուկայական համարժեք փոխհատուցման գումարը, ապա ստացվում է, որ սեփականության իրավունքի փոխանցումն արդեն իսկ տեղի է ունեցել մինչև այդ համարժեք և նախնական փոխհատուցման վճարումը։

Երկրորդ կարևոր հարցն այն է, որ այս դատական գործընթացները, որոնք կարող են շարունակվել և զուգակցվել այս գործընթացների հետ, ըստ էության, չեն փոփոխում, չեն կասեցնում և չեն դադարեցնում արդեն իսկ օտարման հիմք հանդիսացող գործունեությունը։ Ստացվում է՝ սեփականատերը ձևական առումով կարող է դատարանում վիճարկել փոխհատուցման չափը, հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը, ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումը և դրա հետ կապված այլ գործողություններ, բայց դատարանը միաժամանակ չի կարող կիրառել այնպիսի հայցի ապահովման միջոցներ, որոնք կարող են հանգեցնել հենց այդ գործունեության դադարեցմանը, արգելմանը կամ կասեցմանը։

Ստացվում է, որ բովանդակային առումով զրկվում է որպես այդպիսին դատական պաշտպանության այս իրավունքը։ Դատական գործընթացի ավարտին, եթե դատարանը համարեց, որ գործընթացն իրավաչափ չէր, այս պարագայում հնարավոր է՝ գույքն այլևս ոչնչացված կամ փոփոխված լինի, և սեփականատիրոջ համար այլևս իմաստազուրկ դարձած լինի այս դատական գործընթացի ի սկզբանե նախաձեռնումը։ Սա, մեր կարծիքով, ամենաառանցքային խնդիրներից է, որը Սահմանադրությանը համապատասխանության լուրջ հարցեր է առաջացնում, և մեր կազմակերպությունը նաև նպատակ ունի սահմանադրականության վիճարկման տեսանկյունից միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու նպատակով»,- ընդգծեց Գենյա Պետրոսյանը։

Քննարկումն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment