Կընդունի՞ ընդդիմությունը նոր Սահմանադրության հանրաքվեի մասին Փաշինյանի առաջարկը․ ընդդիմադիրները պարզաբանում են
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ընդդիմադիր խմբակցությունները մերժում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկը։ «Հայաստան» խմբակցությունը բացառում է Փաշինյանի հետ բանակցությունները, իսկ «Ուժեղ Հայաստանը» հայտարարում է, որ խմբակցության 29 պատգամավորները չեն քվեարկելու նախագծի օգտին։
Փաշինյանի առաջարկի մասին
Ավելի վաղ վարչապետն ընդդիմությանն առաջարկել էր կողմ քվեարկել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։ Նա հայտարարել էր, որ եթե ժողովուրդը հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկի նախագծին, ինքը հրաժարական կտա և կհեռանա վարչապետի պաշտոնից, իսկ եթե կողմ քվեարկի, հաջորդ՝ հերթական կամ արտահերթ ընտրություններին չի առաջադրվի վարչապետի թեկնածու։
«Հայաստան» խմբակցության մեկնաբանությունը
«Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է, թող ժամանակ ու ջանք չծախսեն։ Քանի՞ անգամ կարելի է նույն բանը կրկնել։ Փաշինյանի հետ բանակցելը բացառվում է։ Ահաբեկիչների հետ չենք բանակցում», – ասել է Արթուր Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Փաշինյանի գործողություններն «ահաբեկչին բնորոշ գործողություններ են»։ Որպես օրինակ՝ նա նշել է քաղաքական ուժերի ղեկավարների կալանավորումները, քրեական գործերն ու դատական գործընթացները։
Խաչատրյանը նաև հարց է բարձրացրել, թե Փաշինյանի՝ ընդդիմությանն ուղղված «բոլդոզերով» սպառնալիքի և Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքի պայմաններում ինչ հանրաքվեի մասին կարող է խոսք լինել։
«Եթե կարող է, այդքան քաջություն ունի, թող իր երկրորդ սպառնալիքն իրականացնի՝ արտահերթ ընտրությունները», – ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը պահանջում է Փաշինյանի հեռացումը, որպեսզի Սահմանադրությունը չփոխվի, և Հայաստանը չդառնա Ադրբեջանի վասալ պետություն կամ գաղութ։
Ի՞նչ է ասում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ խմբակցության 29 պատգամավորները չեն քվեարկելու «ալիևյան սահմանադրության» օգտին։
«ՀՀ-ում Իլհամ Ալիևի պահանջով, Ադրբեջանի պահանջով կամ արտաքին ուժերից որևէ մեկի պահանջով Սահմանադրություն չի ընդունվելու։ Մենք, ինչպես որ պաշտպանել էինք և պաշտպանում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, այնպես էլ պաշտպանել և պաշտպանելու ենք ՀՀ Մայր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը», – հայտարարել է նա խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն իր հերթին հայտարարել է, որ խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել նոր Սահմանադրության նախագծի բովանդակային քննարկմանը։
«Այն, ինչը իրենք ամիսներ շարունակ թմբկահարում էին, որ դուք դեռ չեք կարդացել Սահմանադրությունը, դուք չգիտեք՝ մենք ձեզ ինչ ենք առաջարկում։ Մենք ունեինք մեկ մտավախություն, ու մենք բոլորս այսօր ականատեսն ենք նրան, որ այո, Ալիևի պահանջով Անկախության հռչակագրի հղումը հանված է, և այդտեղ հանված են մեր համազգային նպատակները, այդ թվում՝ Ցեղասպանության ճանաչման պահանջը։ Այսինքն՝ էլ այսուհետ բովանդակության մասին խոսելու ի՞նչ անհրաժեշտություն կա», – ասել է Մանուկյանը։