Թուրքիայում՝ Նոյյան տապանի ենթադրյալ գտնվելու վայրում, հայտնաբերել են մոտ 4300 տարվա փայտե բեկորներ, հայտնում է Haberler-ը։
Ամերիկյան լաբորատորիան Դողուբայազետի մերձակայքում գտնվող Դուրուփընար երկրաբանական գոյացությունից վերցված նմուշները թվագրել է մ.թ.ա. 2200–2400 թվականներով։
Ուզենգիլի գյուղի սահմաններում գտնվող գոյացությունում հետազոտություններն անցկացվել են հունիսի 28-ից սեպտեմբերի 30-ը։ Դրանց մասնակցել է հինգ երկրից մոտ 20 մասնագետ՝ երկրաֆիզիկայի, երկրաբանության և հնագիտության ոլորտներից։ Հայտնաբերված փայտանյութի և ածխացած բեկորների նմուշներն ուղարկվել են ԱՄՆ, Շվեյցարիա և TÜBİTAK՝ ռադիոածխածնային վերլուծության համար։
Սիվասի Ջումհուրիեթ համալսարանի հնագիտության ամբիոնի պրոֆեսոր Ջերքեր Աթիլլան հայտարարել է, որ ԱՄՆ-ում ստացված տվյալները համընկնում են Համաշխարհային ջրհեղեղի մոտավոր թվագրության հետ։
«Ըստ սուրբ գրքերի՝ Նոյյան ջրհեղեղը տեղի է ունեցել մոտ մ.թ.ա. 2300 թվականին։ Մեր ռադիոածխածնային թվագրումը ճշգրտորեն համընկնում է այդ ժամանակաշրջանի հետ։ Վերլուծության ընթացքում նմուշները թվագրվել են մ.թ.ա. 2200–2400 թվականներով։ Մեզ համար սա շատ կարևոր և շատ հետաքրքիր արդյունք է», — ասել է նա։
Նրա խոսքով՝ այժմ հետազոտողները սպասում են TÜBİTAK-ից և Շվեյցարիայից ստացվելիք արդյունքներին, որից հետո կհամադրեն բոլոր երեք վերլուծությունները և վերջնական գնահատական կտան։
Արշավախմբի ղեկավարի տեղակալ Էնդրյու Ջոնսն ընդգծել է, որ թվագրումն ինքնին չի ապացուցում, թե տվյալ կառույցը Նոյյան տապանն է։