Նոր Սահմանադրությամբ պետությունը պարտավորվում է երաշխավորել ընտրողների կամքի ճշգրիտ արտացոլումը

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է հստակ սահմանել «ժողովուրդ» հասկացությունը՝ ամրագրելով, որ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքական ամբողջությունն է։ Նախագծի համաձայն՝ ժողովուրդը ոչ միայն իշխանության տերն է, այլև դրա կրողն ու աղբյուրը, իսկ նրա իշխանությունն անօտարելի է։ Միաժամանակ նոր դրույթով պետությունը պարտավորվում է երաշխավորել ընտրություններին և հանրաքվեներին մասնակցողների ազատ կամքի արտահայտումն ու դրա ճշգրիտ արտացոլումը պաշտոնական արդյունքներում։

Նոր Սահմանադրության նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածները՝ ստորև․

«Հոդված 3. Ժողովուրդը՝ իշխանության տեր, կրող և աղբյուր

1. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն է իշխանության տերը, կրողը և աղբյուրը։

2. Ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքական ամբողջությունն է։

3. Ժողովրդի իշխանությունն անօտարելի է և պաշտպանվում է Սահմանադրությամբ և օրենքներով։

Հոդված 4. Ժողովրդի իշխանության իրացումը

1. Ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է Սահմանադրության ընդունմամբ, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան ձևավորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև համապետական և տեղական հանրաքվեների միջոցով։

2. Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

3. Պետությունը երաշխավորում է ընտրություններին և հանրաքվեներին մասնակցող անձանց ազատ կամքի արտահայտումը և դրա ճշգրիտ արտացոլումը քվեարկության պաշտոնական արդյունքներում»։

Ի՞նչ է փոխվել գործող Սահմանադրության համեմատ

Գործող Սահմանադրության 2-րդ հոդվածով սահմանվում է.

«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։

Նույն հոդվածում նշվում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։

Հոդվածի վերջին նախադասությամբ ամրագրված է.

«Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։

Նոր նախագծում այս կարգավորումները ներկայացված են երկու առանձին՝ 3-րդ և 4-րդ հոդվածներով։

Հիմնական տարբերությունները

Գործող Սահմանադրություն Նոր նախագիծ
Իշխանությունը պատկանում է ժողովրդին Ժողովուրդը իշխանության տերն է, կրողը և աղբյուրը
«Ժողովուրդ» հասկացությունն այս հոդվածում չի սահմանվում Ժողովուրդը ՀՀ քաղաքացիների հավաքական ամբողջությունն է
Ժողովրդի իշխանության անօտարելիությունն ուղղակիորեն ձևակերպված չէ Ժողովրդի իշխանությունն անօտարելի է և պաշտպանվում է Սահմանադրությամբ ու օրենքներով
Իշխանությունն իրականացվում է ընտրությունների, հանրաքվեների և համապատասխան մարմինների միջոցով Առանձին հիշատակվում է նաև Սահմանադրության ընդունումը
Իշխանության յուրացումը հանցագործություն է Այս ձևակերպումը ներկայացված 3-րդ և 4-րդ հոդվածներում բացակայում է
Ամրագրված են ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները Նույն սկզբունքներին ավելանում է ազատ կամքի արտահայտման և դրա ճշգրիտ արտացոլման պետական երաշխիքը

Leave a comment