ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Ղազախստանում մասնակցել է Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի 38-րդ նիստին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 12-14-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն աշխատանքային այցով գտնվել է Ղազախստանի Հանրապետության Շիմքենտ քաղաքում և մասնակցել Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի 38-րդ նիստին։

Նիստի ընթացքում քննարկվել են բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտում միջպետական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կլիմայի փոփոխությամբ, սեյսմիկ ռիսկերով և տեխնոլոգիական զարգացումներով պայմանավորված մարտահրավերներին, փրկարարական ստորաբաժանումների օպերատիվ փոխգործակցության ամրապնդմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ու մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը։

Նիստի շրջանակում Արամ Ղազարյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի փրկարար համակարգում իրականացվող աշխատանքներն ու արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության առաջնահերթությունները։ Նա ընդգծել է, որ ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու համար անհրաժեշտ են համակարգված մոտեցումներ, միջպետական սերտ փոխգործակցություն և նորարարական տեխնոլոգիական լուծումների հետևողական ներդրում։

Անդրադառնալով Փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը՝ Արամ Ղազարյանը ներկայացրել է անօդաչու թռչող սարքերի, թվային մշտադիտարկման համակարգերի և վաղ ազդարարման մեխանիզմների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև փրկարարների մասնագիտական պատրաստվածության բարձրացումը, ուսումնական կենտրոնների միջև համագործակցության ընդլայնումը, փորձի փոխանակումն ու համատեղ մարտավարական և հրամանատարաշտաբային վարժանքների պարբերական անցկացումը։ 

Նիստի ընթացքում ամփոփվել են 2026 թվականին իրականացված համատեղ աշխատանքները, հաստատվել են Միջպետական խորհրդի 2026-2027 թվականների հիմնական միջոցառումների պլանը և 2027 թվականին արտակարգ իրավիճակների մասին փոխադարձ ազդարարման համակարգի ստուգումների պլան-ժամանակացույցը։

Միջպետական խորհրդի նախագահ է ընտրվել Ղազախստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Մուրատ Մուխանովը։ Նիստի արդյունքներով ընդունվել է համապատասխան արձանագրային որոշում։

Այցի շրջանակում Հայաստանի պատվիրակությունը ներկա է եղել նաև վթարափրկարարական ժամանակակից տեխնիկայի, սարքավորումների և հանդերձանքի ցուցահանդեսին։

Leave a comment