ՀՀ-ն և Իրանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ կստեղծեն

Իրան-Հայաստան առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը։ Այսօր նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան֊Իրան համատեղ համաժողովի և բիզնես ֆորումի կազմակերպման հնարավորությունը։

Թադևոսյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ, որոնք կարող են վերածվել փոխշահավետ նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի։

«Համագործակցության հնարավոր ուղղությունների շարքում դիտարկվել են նաև հաճախականությունների կառավարումը, տեխնիկական փորձի փոխանակումը, սահմանային գոտիներում ռադիոխանգարումների կարգավորումը, օպտիկամանրաթելային ցանցերի ընդլայնումն ու միջազգային թողունակության ավելացումը, փոստային և լոգիստիկ ծառայությունները, միջսահմանային փոստային փոխանակումների զարգացումը, Հայաստանի տարածքով նոր տարանցիկ ուղիների ստեղծման հնարավորությունները և էլեկտրոնային առևտրի խթանումը»,- հայտնում են նախարարությունից։

Իրանցի նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ու Իրանը բազմադարյա պատմություն ունեցող բարեկամ երկրներ են, որոնց շահերը համընկնում են բազմաթիվ ուղղություններով։

Հանդիպման ավարտին ստորագրվել է երկկողմ հանդիպման արձանագրություն՝ երկու նախարարությունների, ինչպես նաև Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ու «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համագործակցության ուղղություններով։

Sputnik Արմենիա

Leave a comment