Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել դեպի Բավրա ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և 6 ուղևորներին առաջինն օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի կրտսեր պարեկներ Դավիթ Սերոբյանն ու Սմբատ Հակոբյանը և երկու երիտասարդ տղաներ, որոնցից մեկը Մարալիկի բնակիչ է։
Պարեկները կարողացել են ճիշտ կողմնորոշվել և ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և 6 ուղևորներին, ինչից հետո պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչով (ագնետուշիտել) պայքարել են կրակի դեմ, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվում։
Դեպքի վայրում էլ մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են.
«Նկատեցինք, որ «Nissan»-ում ընթացքում կրակ ու ծուխ է նկատվում։ Լավ էր, վարորդը ճիշտ կողմնորոշվեց ու ավտոմեքենան դուրս բերեց երթևեկելի գոտուց, բայց արդեն կրակն ու ծուխը տեսանելի էին մի 100 մետրից։ Շատ արագ պարեկները եկան ու երկու ջահել տղերքի հետ ոնց ռիսկ արեցին, մոտեցան էդ վառվող ավտոմեքենային, դուրս բերեցին բոլոր ուղևորներին, իսկ հետո պարեկն իրենց ավտոմեքենայից մի քանի ագնետուշիտելներով սկսեց կրակի դեմ պայքարել, մինչև որ հրշեջներն եկան։
Հալալ էր և էդ 2 պարեկներին, և էդ 2 քաղաքացուն, չէ՞ որ հնարավոր է ավտոն պայթեր, ու իրենք վնասվածքներ ստանային։
Իսկ ավտոմեքենայի վարորդը, ով պարզվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ինչպես նաև նրա բոլոր 6 ուղևորները մի ընտանիքից են, նրանց անընդհատ կրկնում էին՝ «Спасибо патрульным, спасибо этим двум молодым парням»».