Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու

«Սյունիք» ֆուտբոլային ակումբն առաջադրել է Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մեր ակումբի համար այս ընտրությունն առաջին հերթին հայկական ֆուտբոլի կառավարման և զարգացման հարց է։ Մենք կարևորում ենք այնպիսի ղեկավարի ընտրությունը, որը պատրաստ է լսել ակումբներին, հասկանալ նրանց խնդիրները և համատեղ լուծումներ գտնել։

Դենիս Ջորկաեֆի թեկնածությունն առաջադրելիս հաշվի ենք առել նրա փորձը՝ ֆուտբոլային գործակալից մինչև ակումբի նախագահ ու մարզական տնօրեն, ինչպես նաև ՀՖՖ-ում խորհրդատվական աշխատանքը և Ֆրանսիայում փոխքաղաքապետի պաշտոնում կառավարման փորձը։ Հայտնի ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչ լինելով՝ նա նաև անձամբ է անցել ֆուտբոլի կազմակերպման ու կառավարման ճանապարհով։

Կարևոր ենք համարում նրա միջազգային կապերը և դրանք մեր ակումբների համար գործնական հնարավորությունների վերածելու պատրաստակամությունը։ Հայաստան տեղափոխվելու ու այստեղ աշխատելու նրա որոշումը մեզ համար ևս վկայում է այս հանձնառությանը լրջորեն վերաբերվելու մասին։

Մենք ակնկալում ենք բաց ու հետևողական աշխատանք՝ ակումբների մասնակցությամբ, նրանց կարիքները հաշվի առնելով և հայկական ֆուտբոլի ընդհանուր շահը առաջնային դարձնելով։

ՀՖՖ անդամ ակումբներին կոչ ենք անում աջակցել Դենիս Ջորկաեֆի թեկնածությանը։ Վստահ ենք՝ համագործակցությամբ կարող ենք ավելի մեծ արդյունքի հասնել»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբն առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։

ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։

ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 21-ին։

Leave a comment