«Հայաստանը մի քանիսից կախվածությունը վերափոխում է շատերից կախվածության»․ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ-ի անկախության՝ իր պատկերացումը

Փաշինյանը հայտարարել է, որ պետության իրական անկախությունը ենթադրում է անցում սահմանափակ թվով գործընկերներից կախվածությունից դեպի ավելի լայն շրջանակի երկրների և այլ սուբյեկտների հետ փոխգործակցություն


ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետության իրական անկախությունը ենթադրում է անցում սահմանափակ թվով գործընկերներից կախվածությունից դեպի ավելի լայն շրջանակի երկրների և այլ սուբյեկտների հետ փոխգործակցություն։


Այս մասին նա ասել է շաբաթ  Երևանում ընթացող «DigiTec 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ կայացած «Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկման ժամանակ։


«Մի քանի օր առաջ ես մտածում էի, թե ինչ է անկախությունը, և ես առաջարկեցի բանաձև մեր հասարակությանը, որ անկախությունը այն գործընթացն է, երբ սակավաթիվ սուբյեկտներից կախվածությունը վերածում ես բազմաթիվ սուբյեկտներից կախվածության։ Երբ դու անկախ ես, կախյալ ես, որովհետև դուք ճիշտ եք, չկա այսպես մաքուր անկախության վիճակ երկրի համար, դու իրականում անկախ ես, երբ կախված ես ոչ թե սակավաթիվ մի քանիսից, այլ բազմաթիվ մի քանիսից, բազմաթիվ սուբյեկտներից», – ասել է Փաշինյանը։


Նրա խոսքով՝ պետությունների բացարձակ անկախություն գոյություն չունի, սակայն գործընկերների շրջանակի ընդլայնումը թույլ է տալիս նվազեցնել առանձին սուբյեկտների կողմից ճնշում գործադրելու հնարավորությունները և որոշումների կայացման համար ավելի շատ տարբերակներ է տրամադրում։


Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը ներկայումս անցնում է հենց նման վերափոխման փուլ։ Խոսելով տարածաշրջանային կապերի զարգացման մասին՝ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանն արդեն միացված է Իրանի և Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերին և նախատեսում է համանման կապեր հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։


Նա նաև հայտարարել է, որ նոյեմբերի 22-ին նախատեսվում է պաշտոնապես հայտարարել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity — «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի մեկնարկի մասին, որի կարևոր բաղադրիչներից մեկը կդառնա էլեկտրաէներգիայի տարանցումը։


Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ներդրումներ է կատարում էլեկտրաէներգիայի հաղորդման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Նա կարծիք է հայտնել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացումը նպաստում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացմանը։


 

Leave a comment