Հասարակություն
21.11.2026 | 12:34
Գլխավոր դատախազության հայցի հիման վրա Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1/19/2 հասցեում գտնվող 33 քմ հողատարածքի նկատմամբ գրանցվել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը։ Հողամասի աճուրդը Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ի վճռով անվավեր էր ճանաչել։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Աբովյան քաղաքի Հատիսի փողոց 1/19/2 հասցեում գտնվող 33 քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի, վերջինիս պատկանող՝ Աբովյան քաղաքի Հատիս փողոցի թիվ 1/19/2 հասցեում գտնվող հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության հայցը։
Վճռով, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ օտարվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված և ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հատուկ նշանակության կանաչապատ տարածք: