Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված

Եվրամիության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) նոյեմբերի 20-ին հաստատել է Ուկրաինայի օրենսդրության ստուգման արդյունքները՝ 4-րդ և 5-րդ բանակցային կլաստերների մասով։ Սա թույլ է տալիս անցնել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների շրջանակում այդ կլաստերների պաշտոնական բացման ընթացակարգի հաջորդ փուլին։ Այս մասին Բրյուսելում Европейская правда-ի թղթակցին հայտնի է դարձել ԵՄ դիվանագիտական աղբյուրներից։

ԵՄ անդամ պետությունների դեսպանները համաձայնեցրել են 4-րդ՝ «Կանաչ օրակարգ և կայուն փոխկապակցվածություն», և 5-րդ՝ «Ռեսուրսներ, գյուղատնտեսություն և համախմբման քաղաքականություն» կլաստերների ստուգման արդյունքները։ Դրանք մնում են բացման ենթակա վերջին երկու չբացված կլաստերները։

Որոշումն ընդունվել է առանց քննարկման, քանի որ երկու հարցերն էլ Coreper-ի նիստի օրակարգում ընդգրկված էին որպես քննարկում չպահանջող հարցեր։ Նմանատիպ որոշումներ 4-րդ և 5-րդ կլաստերների ստուգման արդյունքների հաստատման վերաբերյալ համաձայնեցվել են նաև Մոլդովայի համար։

Հաջորդ ընթացակարգային քայլը կլինի Ուկրաինային և Մոլդովային պաշտոնական նամակներ ուղարկելը՝ հրավիրելով ներկայացնել իրենց բանակցային դիրքորոշումները երկու կլաստերներից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Այդ դիրքորոշումները ստանալուց հետո Եվրամիությունը պետք է պատրաստի և համաձայնեցնի 4-րդ և 5-րդ կլաստերների շուրջ իր ընդհանուր բանակցային դիրքորոշումները։ Դրանց հաստատման համար անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր պետությունների միաձայն համաձայնությունը։

Այս ընթացակարգերի ավարտից հետո հնարավոր կլինի անցկացնել Ուկրաինա-ԵՄ և Մոլդովա-ԵՄ միջկառավարական համաժողովներ, որոնց ընթացքում 4-րդ և 5-րդ բանակցային կլաստերները կարող են պաշտոնապես բացվել։

ԵՄ ընդհանուր հարցերով խորհրդի հաջորդ նիստը, որի շրջանակում կարող են անցկացվել միջկառավարական համաժողովները, նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերի 15-ին։ Միաժամանակ, միջկառավարական համաժողովները կարող են կայանալ նաև այդ ամսաթվից շուտ, եթե ԵՄ անդամ պետություններին հաջողվի համաձայնեցնել համապատասխան ընդհանուր բանակցային դիրքորոշումները։

4-րդ կլաստերն ընդգրկում է տրանսպորտը, էներգետիկան, համաեվրոպական ցանցերը, շրջակա միջավայրը և կլիմայական քաղաքականությունը, իսկ 5-րդը՝ գյուղատնտեսությունը, ձկնորսությունը, տարածաշրջանային քաղաքականությունը և բյուջետային դրույթները։

Ավելի վաղ Բուդապեշտը բազմիցս արգելափակել էր Ուկրաինայի և Մոլդովայի համար վերջին երկու բանակցային կլաստերների ստուգման արդյունքների հաստատումը։

Մասնավորապես, նոյեմբերի 10-ին ԵՄ ընդլայնման հարցերով խորհրդի աշխատանքային խմբի (COELA) նիստում Հունգարիան կրկին հրաժարվել էր  համաձայնեցնել երկու երկրների համար 4-րդ և 5-րդ կլաստերների ստուգման արդյունքները։

Հունգարական կողմը նմանատիպ առարկություններ էր ներկայացրել նաև հոկտեմբերի 20-ին և 27-ին, ինչպես նաև նոյեմբերի 3-ին կայացած աշխատանքային խմբի նիստերի ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment