2020 թ. 44-օրյա պատերազմի և 2023 թ. սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում շարունակվում է հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության ոչնչացումը։ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նոր զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ ավերելով հայկական բնակավայրերը և վերացնելով այն մշակութային միջավայրը, որտեղ սերունդներ շարունակ ձևավորվել ու պահպանվել է արցախահայերի ինքնությունը, Ադրբեջանը փաստացի մերժում է նրանց՝ հայրենիք վերադառնալու իրավունքը։
Զեկույցում փաստագրված են հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և ձևափոխման, ինչպես նաև բնակելի թաղամասերի ու ամբողջական բնակավայրերի ավերման դեպքեր։ Հեղինակներն ուսումնասիրել են համացանցում հրապարակված տեսանյութերն ու լուսանկարները, միջազգային լրատվամիջոցների հետաքննական նյութերը և համադրել տարբեր ժամանակներում արված արբանյակային լուսանկարները։
Զեկույցն անդրադառնում է նաև Ադրբեջանի «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում հայկական բնակավայրերի վերաբնակեցմանը և դրա հետևանքներին տեղահանված արցախահայերի համար։ Մի շարք բնակավայրերում քանդված տների տեղում նոր շենքեր են կառուցվում, իսկ այլ վայրերում ամբողջական թաղամասեր հողին են հավասարեցվում։ Տների կորուստը մարդկանց զրկում է իրենց բնակավայրերում կրկին հաստատվելու նյութական հիմքից։ Միաժամանակ, հայկական հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացմամբ վերանում են համայնքային հիշողությունը պահպանելու, հավատքն ու ավանդույթները հաջորդ սերունդներին փոխանցելու նախադրյալները։
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ վերադարձի իրավունքի իրացումը ենթադրում է տեղահանված արցախահայերի իրական հնարավորություն՝ սեփական հայրենիքում ապրելու, իրենց ինքնությունը պահպանելու և համայնքային կյանքը վերսկսելու։ Նրանք կոչ են անում միջազգային հանրությանն ու իրավասու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու հայկական ժառանգության հետագա ոչնչացումը, ապահովելու դրա պահպանությունն ու հասանելիությունը արցախահայերի համար և պաշտպանելու նրանց՝ անվտանգ ու արժանապատիվ պայմաններում հայրենիք վերադառնալու իրավունքը։
Զեկույցը կազմվել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Արցախ Միություն» ՀԿ-ի և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի հետ համագործակցությամբ, «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» և «Սատար Արցախին» ֆրանսահայ կազմակերպության աջակցությամբ։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: