«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանն անդրադարձավ օտարերկրյա ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների ֆինանսական թափանցիկությանը՝ առաջարկելով առանձին օրենք ընդունել դրանց ֆինանսավորման աղբյուրների հայտարարագրման վերաբերյալ։ Պատգամավորն այս հարցով դիմեց Ֆինանսների փոխնախարար Համլետ Սահակյանին՝ հետաքրքրվելով Կառավարության դիրքորոշմամբ։

Ֆարմանյանը հիշեցրեց, որ դեռևս հանձնաժողովում քննարկման ժամանակ առաջարկել էր ներքին ֆինանսավորման աղբյուրների խթանմանը զուգահեռ կարգավորել նաև օտարերկրյա ֆինանսավորում ստացող ՀԿ-ների գործունեության ֆինանսական թափանցիկության հարցը։

«Հանձնաժողովում ես հարց հնչեցրեցի ավելի շուտ առաջարկի ձևով, որ այս օրենքին զուգահեռ, հաշվի առնելով, որ խթանվում են ներքին ֆինանսավորման աղբյուրները, անհրաժեշտ է նաև Հայաստանի Հանրապետության օրենք օտարերկրյա ֆինանսավորում ունեցող հասարակական կազմակերպությունների ֆինանսական թափանցիկության և հայտարարագրման վերաբերյալ, որին դուք օբյեկտիվորեն չհակադարձեցիք»,- ասաց Ֆարմանյանը։

Արձագանքելով պատգամավորին՝ Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ առաջարկը փոխանցել է համապատասխան պետական մարմիններին։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ հնարավոր են որոշակի բարելավումներ։

Արձագանքման խոսքում Ֆարմանյանն անդրադարձավ իր առաջարկին հաջորդած հանրային քննարկումներին։ Նա նշեց, որ թեմայի վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել Factor TV-ն, որից հետո մի շարք հասարակական կազմակերպություններ քննադատել են առաջարկը և, ըստ պատգամավորի, պահանջել փոխնախարարի հրաժարականը՝ իրեն չհակադարձելու համար։

«Դուք տեղյա՞կ եք, որ Factor TV-ով ռեպորտաժ է եղել, և մի շարք հասարակական կազմակերպություններ (ես նաև այդ հարցը բարձրացրել եմ ազգային անվտանգության սպառնալիքի տեսանկյունից) մի վայնասուն են բարձրացրել և Ձեր հրաժարականն են պահանջում ինձ չհակադարձելու համար»,- հարցրեց պատգամավորը։

Փոխնախարարը նշեց, որ տեղյակ չէ իր հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարություններից․ «Էլի եմ կրկնում՝ դա Ֆինանսների նախարարության քաղաքականության մաս չի կազմում, Արդարադատության նախարարության գործընկերների հետ կքննարկենք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանն առաջարկել էր Վրաստանի օրինակով օրենք ընդունել՝ օտարերկրյա ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների ֆինանսական թափանցիկությունը վերահսկելու համար։ Ֆինանսների փոխնախարար Համլետ Սահակյանը չէր բացառել առաջարկի քննարկման հնարավորությունը։

Ֆարմանյանի առաջարկը քննադատության էր արժանացել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից։ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Factor TV-ի հետ զրույցում նշել էր, որ նման նախաձեռնությունն ուղղված է միավորումների ազատության դեմ, իսկ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը մտահոգություն էր հայտնել, որ այն կարող է վնասել Հայաստան-ԵՄ հարաբերություններին։ Նրանք քննադատել էին նաև փոխնախարարի արձագանքը, իսկ Սաքունցը պահանջել էր նրա հրաժարականը։

Նշենք, որ Վրաստանում նման օրենքի ընդունումը 2024 թվականին հանգեցրել էր զանգվածային բողոքի ակցիաների և միջազգային քննադատության։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment