Իշխանության հետ գործարքի գնալն անիմաստ է, քանի որ Փաշինյանը չի կարող այնպիսի գործարք առաջարկել, որից ինքը կամ իր քաղաքական թիմը տուժելու է։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ արձագանքելով Փաշինյանի՝ ընդդիմությանն ուղղված առաջարկին։
Փաշինյանը պնդում է, որ ընդդիմությանը շատ հարմար գործարք է առաջարկում՝ իրեն իշխանությունից հեռացնելու հնարավորություն տալով։ Նա առաջարկում է ընդդիմությանը կողմ քվեարկել սահմանադրական հանրաքվեի անցկացմանը։ Եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը դեմ քվեարկի, խոստանում է հրաժարական ներկայացնել, եթե կողմ քվեարկի, խոստանում է՝ կնքել խաղաղության պայմանագիրը, ավարտին հասցնել TRIPP-ի իրականացումն ու խաղաղության ինստիտուցիոնալացման հետ կապված որոշ հարցեր և կրկին հեռանալ։ Փաշինյանը պնդում է, որ սա է իրեն հեռացնելու ճանապարհը, այլապես ինքն է հեռացնելու ընդդիմությանը։
«Ինքն (Նիկոլ Փաշինյան- խմբ․) ասում է՝ ես դրա համար իմ ամբողջ վստահելիությունը, քաղաքական կապիտալը դնում եմ սեղանի վրա։ Իր քաղաքական կապիտալի առանցքը սուտն է․․․ Եթե մարդը քրոնիկ ստախոս է, դուք այդ մարդու առաջարկին ո՞նց կվերաբերվեք։ Որտե՞ղ է երաշխիքը։ Եթե այդ ամբողջ գործարքի առանցքն այն է, որ ինքը, ազնիվ խոսք, հեռանալու է, թույլ տվեք չհավատալ այդ ազնիվ խոսքին։ Իր էդ առաջարկը չի կարող որևէ կերպ վստահելիություն ունենալ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Շեշտեց՝ իրենց խմբակցությունը ոչ մի դեպքում Ալիևի Սահմանադրությանը կողմ չի քվեարկելու։ Ինչ վերաբերում է ժողովրդին ընտրելու, որոշելու հնարավորություն տալուն, Գրիգորյանն ընդգծեց՝ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է հունիսի 7-ին և Նիկոլ Փաշինյանին ու իր առաջնորդած քաղաքական թիմին Սահմանադրություն փոխելու մանդատ չի տվել։ Խմբակցության ղեկավարը նաև հիշեցրեց, որ ՔՊ-ն չի էլ վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում։
Աննա Գրիգորյանը նաև նշեց, որ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն երկու օր է՝ փորձում են առաջ տանել այն պնդումը, թե Ադրբեջանի հետ խաղաղության վերջնական հաստատման միակ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է, մինչդեռ խաղաղության խոչընդոտը Հայաստանից դուրս է՝ այն Ադրբեջանում է, այլապես Ալիևը կստորագրեր խաղաղության պայմանագիրը։