«Նստած վերեւից ծափ են տալիս», «Թեստը կազմել են, որ չանցնենք». Դասվարները բողոքում են կամավոր ատեստավորման խնդիրներից

«Թեստը շատ խառն է եղել, երեւի նպատակն էր, որ ուսուցիչը չանցնի»,- ԿԳՄՍ-ի մոտ կազմակերպված մանկավարժների, դասվարների ցույցի ժամանակ ասաց նրանցից մեկը:

«Մենք 5-6 տարի խոսում ենք այն մասին, որ ատեստավորման գործընթացը միտում ունի հասնել այն արդյունքին, որ հանրապետության բոլոր ուսուցիչները ատեստավորվեն եւ ունենան բարձր դրույքաչափ, եւ մեր միտումներն արտացոլված են կառավարության առաջիկա ծրագրում, որտեղ արտացոլված է նաեւ դրույքաչափի բարձրացում՝ 200.000-300.000-ի չափով: Մնացած բոլոր մեկնաբանությունները շատ սուբյեկտիվ են»,- իր հերթին նշեց ԿԳՄՍՆ ներկայացուցիչը:

«Ուղեցույցներում հրապարակված գրականության ցանկը բացարձակապես չի համապատասխանում նրան, ինչ դասավանդում ենք դպրոցում: Մեզանից պահանջում են մաթեմատիկայի մեթոդիկայի հարցեր, բայց մեթոդիկայի դասագրքերը բացառվել էին ընդհանրապես ուղեցույցներից եւ ամբողջությամբ տեղադրվել էին բառարաններ, քերականական դասագրքեր, որոնք բանասերների ուղեցույցի հետ էին համապատասխանում»,- ասաց մեկ այլ դասվար: ԿԳՄՍՆ-ից արձագանքեցին, որ նրա ասածը պետք է քննարկվի հանձնաժողովում:

«Մեր խնդիրը ատեստավորման հետ կապված բարդություններն են, մենք համաձայն չենք հարցադրումների հետ: Յուրաքանչյուր հարցադրում պարունակում էր նաեւ ենթահարցերի մեծ շարք, սակայն ժամանակը չէր բավականացնում լիովին կարդալ, հասկանալու եւ լիարժեք պատասխանելու համար: 3 ժամ էր տրամադրված, 60 հարց էր, բայց այդ հարցերն իրենց հերթին ունեին ենթահարցեր: Խնդիրներ կային, որ 7 ենթահարց ունեին»,- մանրամասնեց դասվարներից մեկը:

«Դասվարն ինչո՞ւ պետք է բանասիրականի 70-ական թվականի բառարանից բառի հոմանիշ գտնի: Ես պահանջում եմ, որ նորից թեստեր կազմեն, մտնեն դպրոցներ, դասալսումներ կազմակերպեն,թե չէ նստած՝ վերեւից ծափ են տալիս, չգիտեն՝ մի հեռավոր գյուղում քանի՞ ներառված երեխայի հետ ենք պարապում: Իրենք տեղյա՞կ են, որ օրինակ 30-35 երեխայի եւ նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 5 երեխայի հետ ենք աշխատում… Թող որեւէ մեկը գլուխ չգովի՝ ես անցա, դու չանցար: Մենք համայնք ունենք, ծնողական համայնք ունենք, մենք փոքր տեղում ենք ապրում, մեզ բոլորը ճանաչում են: Ինչու պետք է նվաստացած զգամ՝ իմ 40 տարվա համբավով, ու կողքից անգրագետ մեկն ասի՝ ինքը չգիտի… Դա թե՞ստ է, որ կազմել են, խայտառակություն է, դրված խնդիրները բացակայում են գործող դասագրքերում»,- նեղսրտեց մեկ այլ ուսուցիչ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment