Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

20.11.2026 | 16:40

Ընտրությունների մասնակից բոլոր քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամների հայտարարագրերում վստահված անձանց փոխհատուցման ծախսատեսակները զրո են, մինչդեռ քվեարկության օրը վստահված անձինք աշխատել են։ Այս մասին հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Հոկտանյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 9 ծախսատեսակներից նշված երկուսի դիմաց բոլոր ուժերի մոտ զրո է արձանագրված, սակայն հնարավոր է, որ այդ ծախսերը թաքնված լինեն օրենսգրքով չնախատեսված այլ անվանումների տակ։

«Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով. մանավանդ, օրինակ, նույն «Միասնության թևեր»-ի մոտ ես հաշվեցի՝ իրենց հայտարարագրում 198 ֆիզիկական անձ վճարվել է քարոզչական ծառայություններ մատուցելու համար։ Ի՞նչ է նշանակում սա։ Այդպիսի ձևակերպում Ընտրական օրենսգրքում չկա»,– նշեց նա՝ հավելելով, որ նմանատիպ դեպքերի ծախսերը զգալի գումարներ են կազմում։

Անդրադառնալով նախընտրական նվիրատվություններին՝ Վարուժան Հոկտանյանը հայտնեց, որ մայիսի 4-ից մինչև քարոզարշավի ավարտը ԿԿՀ տեղեկանքներով արձանագրվել է ընդհանուր 2 միլիարդ 600 միլիոն դրամի նվիրատվություն, որը հիմնականում կենտրոնացված է եղել առաջին 3-4 տեղերը գրաված ուժերի մոտ։

Նրա գնահատմամբ՝ սա կասկած է առաջացնում, որ այդ միջոցներն ուղղվել են նախընտրական հիմնադրամներ։ Հոկտանյանի խոսքով՝ ԿԿՀ ամփոփ տեղեկանքներից հնարավոր չէ պարզել, թե ովքեր են նվիրատուները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment