Խորհրդարանը քննարկում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելու նախագիծը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Առաջարկվում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով, մինչև 2028 թվականի հունվարի 1-ը, դա հնարավորություն կտա օրենքով նախատեսված աջակցության ծրագիրն իրականացնել նաև 2027 թվականի ընթացքում: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 20-ի նիստին ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան նախագիծը:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված է 13 համայնքի 82 բնակավայր՝ Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում:
Աջակցության ծրագիրը ենթադրում է սահմանամերձ բնակավայրի բնակիչների որոշակի կոմունալ ծախսերի փոխհատուցում, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, գազի, ոռոգման ջրի, անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում, ականների պայթյունից վիրավորվելու կամ զոհվելու դեպքերում համապատասխան սոցիալական աջակցության տրամադրում, ինչպես նաև դասագրքերի վճարի ամբողջական փոխհատուցում»,- ասաց նա:
Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Խաչատրյանը տեղեկացրեց, որ ծրագրի փոխհատուցման չափը 2023 թվականին եղել է 1 մլրդ 230 հազար դրամ, 2024 թվականին՝ 1 մլրդ 47 մլն 743 հազար դրամ, 2025-ին՝ 1 մլրդ 80 մլն դրամ, 2026 թվականին՝ 1 մլրդ 48 մլն դրամ, իսկ 2027-ին նախատեսվում է մոտ 1 մլրդ դրամի աջակցություն տրամադրել: