Տիգրան Դադունցը և ԺՀՄԻԳ առաքելությունը քննարկել են նախընտրական շրջանի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը


Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրական կարիքների գնահատման առաքելությանը։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:


 


Նախարարի տեղակալը կարևորել է ԺՀՄԻԳ-ի հետ շարունակական և կառուցողական համագործակցությունը՝ ընտրական գործընթացների թափանցիկության ապահովման, հանրային վստահության բարձրացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համատեքստում։ Նա ընդգծել է, որ ընտրական օրենսդրության բարեփոխումները իրականացվում են միջազգային չափանիշներին համահունչ՝ հաշվի առնելով ԺՀՄԻԳ-ի առաջարկություններն ու փորձագիտական աջակցությունը։


 


Տիգրան Դադունցը ներկայացրել է 2024 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքի լայնածավալ օրենսդրական փոփոխությունները՝ մասնավորապես անդրադառնալով կուսակցությունների և նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման կանոնակարգմանը, ընտրատեղամասերի ֆիզիկական և տեղեկատվական հասանելիության ապահովմանը, ինչպես նաև ընտրական իրավունքի արդյունավետ իրացմանն ուղղված այլ մեխանիզմներին։


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարի, ինչպես նաև նախընտրական շրջանի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։


 


Առաքելության արդյունքները հաշվի կառնվեն հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցի համատեքստում:

Leave a comment