Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան–Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածում շինարարական աշխատանքների ընդհանուր ֆիզիկական առաջընթացը հասել է մոտ 60 տոկոսի, հայտնում է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Տեխնիկական տեսանկյունից ամենաբարդ աշխատանքներն արդեն ունեն ավարտվածության բարձր ցուցանիշ, օրինակ` թունելների հորատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են:
Բարդ ռելիեֆային պայմաններում հողային աշխատանքների ավելի քան 90 տոկոսն արդեն իրականացվել է։ Այս փուլում ակտիվորեն շարունակվում են կամուրջների, հենապատերի կառուցման, ինչպես նաև թունելների ներքին երեսպատման և հարդարման աշխատանքները։
Հիմնադրամի տվյալներով՝ շինարարական աշխատանքներում միջինում ներգրավված է 645 աշխատակից և տարբեր նշանակության 228 միավոր շինարարական տեխնիկա։
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումը Հայաստանում իրականացվող այն եզակի ծրագրերից է, որն իր մեջ ներառում է ճանապարհային գրեթե բոլոր ենթակառուցվածքները միաժամանակ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, տրանսպորտային հանգույցներ և արհեստական այլ կառուցվածքներ։ Մեծ ծավալ են կազմում նաև հաղորդուղիների տեղափոխման և կառուցման աշխատանքները։
Ճանապարհն ունի ռազմավարական և տնտեսական կարևոր նշանակություն։ Դրա կառուցմամբ էապես կմեծանան բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալները, երթևեկության արագությունն ու հարմարավետությունը, ինչն իր հերթին շղթայական դրական ազդեցություն կունենա տնտեսության մյուս ճյուղերի վրա։