Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր․ ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Իրականացվող աշխատանքներն ուղղված են մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, մաքսային օրենսդրության պահանջների պահպանմանն ու երկրի տնտեսական անվտանգության պաշտպանությանը։

Օպերատիվ տվյալներն իրացնելիս, Մաքսանենգության դեմ պայքարի և Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության  վարչությունների աշխատակիցները համատեղ,  մաքսային հսկողության շրջանակում, զննման են  ենթարել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած երկու բեռնատար ավտոմեքենա, որոնք բեռնված են եղել շինարարության համար նախատեսված տարբեր ապրանքներով։  Զննության արդյունքում բեռնատարների կցորդներից հայտնաբերվել է չհայտարարագրված  ընդհանուր 247 հզ 100 տուփ ծխախոտ:

Կատարված նախնական հաշվարկների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների կողմից վերոգրյալ ծխախոտները ՀՀ տարածք անօրինական ներմուծելու արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել  ընդհանուր՝ 96․369․000 ՀՀ դրամ ակցիզային հարկ։

Նշված դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են  ուղարկել Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

ՀՀ ՊԵԿ

Leave a comment