Գործող իրավակարգավորումների պայմաններում կուսակցությունների ֆինանսավորումը փաստացի չի ստացվում վերահսկել ո՛չ պետության, ո՛չ էլ հասարակական կառույցների կողմից։ Այս մասին ընտրական գործընթացների քննարկման ժամանակ հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համահիմնադիր և գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը՝ ներկայացնելով քարոզարշավի և կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկները։
Անդրադառնալով ընտրություններում տարբեր կուսակցությունների ռեսուրսների տարբերությանը՝ Այվազյանը նշեց, որ ըստ հայտարարագրերի թվերի՝ այն ուժերը, որոնք ավելի շատ գումար են ներդրել, ավելի շատ ձայներ են ստացել, ինչը վկայում է, որ «փողը էական ազդեցություն է ունեցել»։
Նրա խոսքով՝ չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության՝ իրավասություններով օժտված լինելուն, ներկայիս օրենսդրությամբ այդ երկու մարմիններն էլ չեն կարողանում պատշաճ վերահսկել կուսակցությունների փողերը։
Սոնա Այվազյանի գնահատմամբ՝ տվյալների թափանցիկության առումով ևս լուրջ խոչընդոտներ կան. կայքերում տեղադրված տվյալները ցաքուցրիվ են, իսկ հատկապես ԿԸՀ կայքում՝ ոչ բաց տվյալների, չմշակվող ձևաչափով (օրինակ՝ նկարների տեսքով)։
«Տպավորություն է եղել, որ մի կողմից տվյալները թափանցիկ են՝ շնորհակալություն դրա համար, բայց մյուս կողմից ստեղծված են բոլոր հնարավոր խոչընդոտները, որ հանրային վերահսկողությունը դժվարանա առնվազն, եթե չասեմ՝ լիովին անհնարին դառնա»,– ընդգծեց նա։
Բացի այդ, ըստ Այվազյանի, ԿԿՀ-ն և ԿԸՀ-ն ունեն տվյալների հավաքագրման ու մշակման տարբեր մոտեցումներ և չունեն տվյալները համադրելու ու փողերի հետագծելիությունը վերահսկելու իրավասություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան