Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, ասել է, որ դա վարչապետին հեռացնելու 100 տոկոսանոց հնարավորություն է տալիս ընդդիմությանը:
«Եթե ձեր համար մեկ նպատակը Փաշինյանին հեռացնելն է, ուրեմն դուք ունեք նրան հեռացնելու 100%-անոց հնարավորություն: Երկու սցենար կա հանրաքվեի… «ոչ»-ի դեպքում միանգամից, «այո»-ի դեպքում հաջորդ ընտրություններից սկսած ինքը հեռանում է: …Միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելը ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը»,- ասել է ԱԺ նախագահը, հայտնում է Factor.am-ը:
Ռուբինյանն անդրադարձել է նոր Սահմանադրության ընդունման նախաձեռնությանը, դրա նախաբանում Անկախության հռչակագրին հղում չկատարելու հիմնավորումներին և հանրաքվեի արդյունքներով վարչապետի քաղաքական հետագա գործունեությունը պայմանավորելու առաջարկին։
Դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանի անկախացման գործընթացի վերաբերյալ իր տեսակետը։ Նա ընդգծել է, որ 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագիրը նախանշել է անկախ պետականության ձևավորման գործընթացի մեկնարկը, այլ ոչ թե բուն անկախության հռչակումը։
«Անկախության հռչակագրով հռչակվել է, որ Հայաստանում և Ղարաբաղում միավորված սկսվում է անկախ պետականության հասնելու գործընթաց: …Հայաստանը անկախացել է հանրաքվեով, ոչ թե հռչակագրով․ հռչակագրով սկիզբ է դրվել անկախացման գործընթացին։ Եվ այդ հանրաքվեին չեն մասնակցել Ղարաբաղի բնակիչները»,- ասել է Ռուբինյանը։
Պարզաբանելով նոր Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու անհրաժեշտությունը՝ խորհրդարանի ղեկավարը մատնանշել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հանգամանքը։
Նրա խոսքով՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմքում Ալմաթիի հռչակագիրն է, ուստի հայկական կողմը նպատակահարմար չի համարում նոր Սահմանադրության նախաբանում ամրագրել այդ սկզբունքի հետ հնարավոր հակասություն ունեցող դրույթներ։
«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված Ալմաթիի հռչակագրի վրա… Հիմա մենք ասում ենք, ժողովո՛ւրդ ջան, չենք ուզում դա ներառենք, որովհետև մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը և չենք ուզում մեր Սահմանադրության նախաբանում ասել «Արցախը Հայաստան է, և վերջ»»,- հայտարարել է նա։
Եզրափակելով ելույթը՝ Ռուբինյանն անդրադարձել է խաղաղության հաստատման նշանակությանն ու սահմանային իրավիճակին։ Նրա պնդմամբ՝ վերջին երկու տարի ինն ամիսների ընթացքում Հայաստանի սահմանին հակառակորդի կրակոցների հետևանքով որևէ զոհ չի գրանցվել։
«Խաղաղություն չի, երբ որ ամեն օր կամ երկու օրը մեկ… զարթնում ես և լսում ես, որ հակառակորդի կրակոցից սպանվել է զինվոր: …Բայց գիտե՞ք որն է խաղաղությունը․ երբ որ երկու տարի ինը ամիս զրո զոհ կա սահմանին հակառակորդի կրակոցից․ այ դա խաղաղություն է: …Խաղաղություն նշանակում է մահվան բացակայություն: Մենք ուզում ենք մահվան բացակայությունը դարձնել պերմանենտ»,- հայտարարել է Ռուբինյանը։
Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 23-ին կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ուղերձով կդիմի ժողովրդին: Նա առաջարկել է, որ ընդդիմությունն ապահովի հանրաքվեի գնալու համար անհրաժեշտ 6 ձայնը: Ընդդիմադիրներն արդեն մերժել են այս առաջարկը: