ՏԵՍԱՆՅՈւԹ․ Թույլ տվեք չհավատալ հրաժարական տալու ազնիվ խոսքին. Այդ մարդը խրոնիկ ստախոս է. Աննա Գրիգորյան

Երկու օր է իշխանություններն ուզում են մի նարատիվ առաջ տանել, որ խաղաղության համար խոչընդոտը, իբրև թե ընդդիմությունն է. խաղաղության խոչընդոտը Հայաստանում չէ, Հայաստանից դուրս է, դա Ադրբեջանն է և ադրբեջանական քաղաքականությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, հետևաբար խնդիր ոչ թե Հայաստանում որևէ քաղաքական ուժի դիրքորոշումն է, այլ Ադրբեջանի դիրքորոշումն է՝ այն չստորագրելու։

«Մենք ալիևյան սահմանադրությանը կողմ չենք քվեարկելու։ Ես հասկանում եմ, որ հիմա Նիկոլ Փաշինյանն, իր պատկերացմամբ, բավականին գեղեցիկ մի խաղ է առաջարկել, որ իբր ինքը հեռանում է՝ դրանով փորձելով մոտիվացնել նաև ընդդիմադիր ընտրազանգվածին, որպեսզի այդ հարցերը բարձրաձայնեն, թե ինչո՞ւ չգնանք հանրաքվեի, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։

Նա ասում է՝ իմ ամբողջ վստահելիության կապիտալը դնում եմ սեղանի վրա։ Իր քաղաքական կապիտալի առանցքը սուտն է. Եթե մի մարդ ամեն օր ստի, խրոնիկ ստախոս լինի, դուք այդ մարդու առաջարկին ո՞նց կվերաբերվեք։ Որտե՞ղ է այդ երաշխիքը։ Եթե իր խոսքի առանցքը այն է, որ ինքը ազնիվ խոսք հեռանալու, է թույլ տվեք չհավատալ այդ ազնիվ խոսքին»,–ասաց նա։

Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ անիմաստ է որևէ գործարքի գնալ իշխանության հետ, որովհետեւ իշխանությունը չի կարող մի բան առաջարկել, որից ինքը կտուժի. «Ամեն գնով իշխանություն պահած մարդը պիտի գա մի բան առաջարկի, որով ինքը կամ իր քաղաքական թիմը տուժելո՞ւ է։ Դա աբսուրդ է։ Մեզ ասում են՝ եկեք տանենք ժողովրդի դատին ներկայացնենք նոր սահմանադրությունը, մենք էլ ասում ենք, որ այդ դատը եղել է հունիսի 7–ին և ՔՊ–ն մեծամասնություն չի ստացել»,– ընդգծեց նա։

 

Leave a comment