Պուտինի և Թրամփի դիմավորման 4 տարբերություն․ ինչ էր փորձում ցույց տալ Չինաստանի առաջնորդը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ի՞նչ էր սպասվում Պուտին-Թրամփ-Սի եռակողմ հանդիպման նախօրեին
Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-ին մեկնարկեց Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ, APEC) գագաթնաժողովը, որին մասնակցում էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Գագաթնաժողովի երկրորդ օրը՝ նոյեմբերի 19-ին կայացավ երկար սպասված Պուտինի եռակողմ հանդիպումը ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հետ։
Հանդիպման նախաձեռնողը հենց Պուտինն էր։ Ռուսաստանի իշխանամետ լրատվամիջոցները և սոցանցերի քարոզչական ալիքները մինչ գագաթնաժողովը գրում էին «նոր Յալթայի» մասին։ Սրանով փորձ էր կատարվում առաջնորդների հանդիպումը համեմատել 1945 թվականին ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Իոսիֆ Ստալինի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի և ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հանդիպման հետ, որի ընթացքում նրանք պայմանավորվել էին նացիստական Գերմանիայի ու իր դաշնակիցների դեմ վերջնական հաղթանակի հասնելուց հետո հետպատերազմյան աշխարհակարգի ձևավորման շուրջ։
Ինչպե՞ս Սին դիմավորեց Պուտինին և Թրամփին
Չնայած ռուսական քարոզչամեքենային ներկայացրած նման պատկերին, դիմավորման արարողություններից սկսած նկատելի դարձավ, որ Չինաստանում Պուտինի նկատմամբ չունեն այն նույն վերաբերմունքը, ինչպիսին Թրամփի հանդեպ է։
Օրինակ՝ Սի Ծինփինը Պուտինին դիմավորելու չէր գնացել։ Ռուսաստանի նախագահին օդանավակայանում դիմավորել էր Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ Ցայ Ցին, որը Չինաստանի բարձրագույն պաշտոնյաների հիերարխիայում զբաղեցնում է ընդամենը հինգերորդ տեղը։ Մինչդեռ Թրամփին դիմավորելու համար Սին անձամբ էր ժամանել օդանավակայան և հենց ինքնաթիռի մոտ ողջունել նրան։
Գագաթնաժողովի վայր Պուտինի ժամանման ընթացքում Ռուսաստանի պետական օրհներգը չի հնչել։ ՌԴ նախագահը ներս է մտել Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի երաժշտական հատվածի հնչյունների ներքո։ Մինչդեռ Թրամփի մուտքի ժամանակ նվագախումբը կատարել է ԱՄՆ-ի պետական օրհներգը։
Մյուս առաջնորդների հետ խմբային լուսանկարում Պուտինին առանձին տեղ են հատկացրել։ Սի Ծինփինն ու Թրամփը կանգնած են եղել կողք կողքի, նրանց մի կողմում եղել է Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մոնգը, իսկ մյուս կողմում՝ Չինաստանի առաջնորդի կինը՝ Պեն Լիյուանը։ Տեսանյութում երևում է, որ Պուտինի հետ ձեռքսեղմումից հետո Թրամփն ու Սի Ծինփինը ժեստերով հասկացնում են նրան, որ պետք է առանձին կանգնի։
Ճաշի ընթացքում Պուտինին հնարավորություն չի տրվել զրուցել Թրամփի հետ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ըստ էության դժգոհություն է հայտնել, որ գագաթնաժողովի մասնակիցների պատվին կազմակերպված հանդիսավոր բանկետի ընթացքում Պուտինը չի կարողացել զրուցել ԱՄՆ նախագահի հետ, քանի որ նրանք նստած են եղել տարբեր սեղանների շուրջ։ Ուշակովը հույս է հայտնել, որ հաջորդ օրը նրանց կհաջողվի ժամանակ գտնել զրույցի համար։
Այնուամենայնիվ, այսպես էլ եղավ, Պուտինը նախ առանձին հանդիպում ունեցավ Թրամփի հետ, իսկ ավելի ուշ կայացավ եռակողմ հանդիպումը։ Ըստ հրապարակված տեղեկատվության երեք առաջնորդները քննարկել են միջազգային իրադրությունը և պայմանավորվել պահպանել ռազմավարական կայունությունն ու միջազգային անվտանգությունը։ Համատեղ հռչակագրի համաձայն՝ երեք երկրներն էլ հանդես են գալիս ՄԱԿ-ի բարեփոխման օգտին, ինչը «թույլ կտա առավել արդյունավետ արձագանքել գլոբալ մարտահրավերներին»։ Նրանք մտադիր են նաև երկխոսություն վարել միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի չտարածման հարցերի շուրջ։
Ի՞նչ կարող է նշանակել այս ամենը
Առաջին հերթին որպես գագաթնաժողովը հյուրընկալող երկրի ղեկավար՝ Սի Ծինփինը հնարավորություն է ստացել ուրվագծելու իր՝ «դերակատարման կարևորությունը» համաշխարհային քաղաքական գործընթացներում։
Ըստ էության հենց վերոնշյալին էր միտված Պուտինի ու Թրամփի դիմավորման արարողակարգում Սիի վերաբերմունքի տարբերությունը։ Այս ամենով՝ մի կողմից ընդգծվում էր Չինաստանի քաղաքական ու տնտեսական գլխավոր հակառակորդ ԱՄՆ-ի հետ հավասար դիրքը, մյուս կողմից ցույց տրվում, որ չնայած միջուկային զինանոցի առկայությունը Ռուսաստանին հնարավորություն է տալիս հավակնելու գերտերության կարգավիճակին, այնուամենայնիվ տնտեսության ծավալով և տեխնոլոգիական զարգացման մակարդակով այն չի կարող մրցակից լինել Պեկինի ու Վաշինգտոնի հետ։
Սրանով Սի Ծինփինը չէր ներկայանում ընդամենը որպես հյուրընկալ տանտեր, այլ դիրքավորվում էր որպես նման դիվանագիտական իրադարձության գլխավոր ճարտարապետ։
Նման ուղերձները դժվար թե հասկանալի չլիներ Մոսկվայի համար։ Սակայն այլ տարբերակ քան իրողությունների հետ համակերպվելը ռուսական կողմը չունի, և կարծես նման վերաբերմունքը անտեսվում է ռուսական քարոզչամեքենայի կողմից։ Սա հատկապես այն պարագայում, երբ արևմտյան ծանր պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի համար արտաքին տնտեսական համագործակցությունը և առևտուրը զարգացնելու հիմնական ուղիներից մեկը հենց Չինաստանն է։
Պետք է նաև նշել, որ Պուտինի համար Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հետ հավասար հիմունքներով բանակցություններին մասնակցելը հնարավորություն է ընձեռում ներքին լսարանի առաջ Ռուսաստանը ներկայացնել որպես աշխարհի առաջատար տերություններից մեկը։
Ինչ վերաբերում է Թրամփին, ապա վերջինս հնարավրություն ունեցավ ներկայանալ որպես առաջնորդ, ով ունի իր գլխավոր տնտեսական ու տեխնոլոգիական ախոյան Չինաստանի հարգանքը՝ միևնույն ժամանակ հնարավրություն ունենալով Պուտինի և Սիի առաջ բարձրացնել միջուկային զինանաոցի հետ կապված հարցեր։