Grand Theft Auto VI-ի (GTA VI) թողարկումը տեսախաղերի արդյունաբերության ամենասպասված իրադարձություններից է, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև ներդրողների շրջանում։ Խաղի հաջողության հետ կապված սպասումներն արդեն ազդել են հրատարակիչ Take-Two Interactive Software-ի բաժնետոմսերի վրա, որոնց արժեքն աճել է գրեթե 9%-ով՝ հասնելով 221.83 դոլարի։
Վերլուծաբանները, սակայն, զգուշացնում են, որ GTA VI-ի սպասվող հաջողության զգալի մասն արդեն արտացոլված է ընկերության բաժնետոմսերի գնանշումներում։
GTA VI-ի մշակման ծախսերը, տարբեր գնահատականներով, կազմում են 1–1.5 մլրդ դոլար՝ այն դարձնելով տեսախաղերի պատմության ամենաթանկ նախագծերից մեկը։ Sensor Tower-ի գնահատմամբ՝ խաղի թվային նախնական պատվերները հասել են գրեթե 17 միլիոնի՝ 1.6 մլրդ դոլար ընդհանուր արժեքով։
Wedbush Securities-ը կանխատեսում է, որ խաղի վաճառքները կարող են հասնել 3 մլրդ դոլարի՝ 30 միլիոն օրինակ վաճառքի դեպքում։ Oppenheimer-ի վերլուծաբաններն ակնկալում են, որ միայն առաջին երեք օրում կարող է վաճառվել շուրջ 20 միլիոն օրինակ՝ ապահովելով ավելի քան 1,85 մլրդ դոլարի հասույթ։ Համեմատության համար՝ GTA V-ն թողարկման առաջին երեք օրում ապահովել էր ավելի քան 1 մլրդ դոլարի վաճառք։
Take-Two-ի վերջին եռամսյակում զուտ պատվերների ծավալը նվազել է 18%-ով՝ կազմելով 1.60 մլրդ դոլար, իսկ հասույթը կրճատվել է 15.6%-ով՝ հասնելով 1.50 մլրդ դոլարի։ Միաժամանակ զուտ վնասը 133.9 մլն դոլարից նվազել է մինչև 54 մլն դոլար։
GTA VI-ի հաջողությունը կարող է էապես բարելավել ընկերության ֆինանսական արդյունքները։ Սակայն վերլուծաբանները չեն բացառում, որ խաղի թողարկումից հետո ներդրողները կարող են սկսել ֆիքսել շահույթը՝ առաջացնելով բաժնետոմսերի գների կարճաժամկետ անկում։
«Ալֆա-Ինվեստիցիի» վերլուծաբանները հնարավոր են համարում բաժնետոմսերի գնի բարձրացումը մինչև 260 դոլարից ավելի, իսկ «ՍբերԻնվեստիցիի» ներկայացուցիչ Դմիտրի Մակարովը նշում է շուկայի 290 դոլար կոնսենսուսային նպատակային գինը։
Երկարաժամկետ հեռանկարում կարևոր նշանակություն կունենա նաև խաղի առցանց բաղադրիչը։ Ներխաղային գնումները և լրացուցիչ բովանդակությունը կարող են Take-Two-ի համար ապահովել կայուն եկամուտներ՝ սկզբնական վաճառքներից հետո։
GTA VI-ի թողարկումը կարող է խթանել նաև խաղային կոնսոլների վաճառքները՝ դրական ազդեցություն ունենալով Sony-ի և Microsoft-ի խաղային բիզնեսների վրա։ Newzoo-ի կանխատեսմամբ՝ կոնսոլային խաղացողների համաշխարհային բազան կարող է աճել 3%-ով։
Միաժամանակ GTA VI-ի նկատմամբ մեծ հետաքրքրությունը կարող է ժամանակավորապես նվազեցնել մրցակից խաղերի պահանջարկը՝ սպառողների ուշադրությունն ու ծախսերը կենտրոնացնելով մեկ խոշոր նախագծի վրա։
GTA VI-ն Take-Two-ի համար եկամուտների և շահույթի զգալի աճի հնարավորություն է ստեղծում, սակայն բարձր սպասումները մեծացնում են նաև ներդրումային ռիսկերը։Բաժնետոմսերի հետագա դինամիկան կախված կլինի խաղի փաստացի վաճառքներից, օգտատերերի արձագանքներից, առցանց ծառայությունների եկամտաբերությունից և ընկերության ֆինանսական արդյունքներից։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ GTA VI-ի հաջողությունը կարող է դառնալ Take-Two-ի աճի կարևոր շարժիչ ուժը, սակայն դա դեռևս չի երաշխավորում տեսախաղերի ամբողջ շուկայի բաժնետոմսերի համատարած թանկացում։