Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գանգատի քննությունը և այդ մասին պաշտոնապես տեղեկացրել ՀՀ կառավարությանը։ Ըստ պաշտպանական կողմի տարածած հայտարարության՝ Ստրասբուրգի դատարանը գործադիրից պահանջել է ներկայացնել պաշտոնական դիրքորոշում Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ։
«Դիմումը քննության է ընդունվել «well–established case-law» ընթացակարգով, ինչը նշանակում է, որ դրանում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց առնչությամբ Եվրոպական դատարանն արդեն ձևավորել է կայուն և հաստատված նախադեպային իրավունքի շրջանակ։ Այլ կերպ ասած՝ նմանատիպ իրավիճակներում խախտումները նախկինում բազմիցս արձանագրվել են դատարանի կողմից, և առկա է ձևավորված իրավական գնահատական»,- ասված է Տոնոյանի փաստաբանների հայտարարության մեջ։
Փաստաբանների գանգատը վերաբերում է՝
կալանքի իրավաչափությանը, տևողության հիմնավորվածությանը,
դատարանների որոշումների պատճառաբանվածությանը,
️ իրավական որոշակիության և կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։
Տոնոյանի պաշտպանական խումբը նշել է, որ այս փուլում քննությունը վերաբերում է բացառապես կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին և չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաև չի կանխորոշում դատավարության արդյունքը։
«Հարկ ենք համարում հատուկ շեշտադրել նաև այն, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հիշյալ վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվել: Դատական գործընթացը ՀՀ–ում շարունակվում է»,- ասված է հայտարարության մեջ։
The post ՄԻԵԴ-ը սկսել է Դավիթ Տոնոյանի գանգատի քննությունը appeared first on CIVILNET.