Ընդդիմադիր փաստաբանին հայտնել են, որ նա չի կարող մասնակցել անհայտ կորածների հարցով համաժողովին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Տաթևիկ Սողոյանին թույլ չեն տվել մասնակցել նոյեմբերի 19-20-ը Երևանում անցկացվող «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տաթևիկ Սողոյանը հայտնեց, որ Անհետ կորած անձանց համահայկական ասոցիացիայի կոնսենսուսային որոշմամբ՝ ինքը պետք է ասոցիացիայի ներկայացուցիչներից մեկը լիներ համաժողովում։ Ավելին՝ անհայտ կորածների ծնողները բազմիցս ցանկություն են հայտնել, որ նման միջոցառումների ժամանակ հենց ինքը ներկայացնի իրենց խնդիրները։ Պատճառներից մեկն էլ այն է, որ Սողոյանն անձամբ ունի անհայտ կորած հարազատ և մասնագիտացած է մարդասիրական հարցերում։

Սակայն համաժողովի մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ փաստաբանին հայտնել են, որ նա չի կարող մասնակցել միջոցառմանը։

«Հայաստանի կառավարությունը, երևի, ի դեմս Ազգային անվտանգության ծառայության, իրեն իրավունք է վերապահել իմ անունը հեռացնել ցանկից՝ առանց որևէ բացատրության։ Ես հիմնավոր ենթադրություն ունեմ, որ դա ունի երկու պատճառ։ Մեկը՝ իմ հասարակական գործունեությունը, իրավապաշտպան գործունեությունը՝ ընդգծված ընդդիմադիր հայացքներով պայմանավորված, և երկրորդը՝ բովանդակային, ինտելեկտուալ մասն է, որով ես քննադատում եմ հենց իրենց վարվելակերպն անհայտ կորածների հարցում։ Իմ քննադատությունը հյուրերի շրջանակում կարող էր վնաս հասցնել իրենց հեղինակությանը։ Այդ վախերից ելնելով՝ իմ մասնակցությունն այնտեղ չեղարկել են»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Սողոյանի խոսքով՝ ինքը նախապես պատրաստվել էր համաժողովի ընթացքում մի շարք կարևոր հարցեր բարձրացնել, որոնք անմիջականորեն առնչվում են անհայտ կորածների ճակատագրին և Հայաստանի իշխանությունների որդեգրած բանակցային մոտեցումներին։

Մասնավորապես, նրա հիմնական հարցադրումը վերաբերելու էր նրան, թե ինչու է Հայաստանը համաձայնել Ադրբեջանի պահանջին, ըստ որի՝ հումանիտար հարցերը ևս պետք է քննարկվեն բացառապես մեկուսի պայմաններում, և որքանով է ընդունելի, որ անհայտ կորածների վերաբերյալ բանակցություններն անցկացվեն առանց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասնակցության։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment