Կապանի երկրագիտական թանգարանում ցուցադրված առարկաների մեջ կա մոտ 30 ցուցանմուշ, որոնք միակն են ՀՀ-ում

Սյունիքի մարզի վարչական կենտրոնում է գործում 1969 թ․ բացված «Կապանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ը։ Կապանում 1960-ականներին շենքերի հիմնական կառուցման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել էին բազմաթիվ հնագիտական առարկաներ, և դրանք պահպանելու, ցուցադրելու և ուսումնասիրելու համար կարևորվեց քաղաքում թանգարան ունենալու դերը։

Հիմնադիր-տնօրենը և թանգարանի առաջին հավաքչական աշխատանքների կազմակերպիչը ճանաչված նկարիչ-քանդակագործ Մարատ Նուրիջանյանն է (1941-1996), որի գործերից են «Դավիթ Բեկ» ձիարձանը Կապանում (1978 թ.), Կապան-Քաջարան ճանապարհի ձախակողմում՝ Ողջի գետի աջ ափի ուղղաձիգ ժայռին տեղադրված արջի բրոնզե հուշարձանը՝ «Քաջարանի բանալին» (1966 թ.), և այլ քանդակներ ու կտավներ։

Օրերս Կապանում էի․ տարել էի նաև 2023-ին հնագետ Արման Նալբանդյանի ղեկավարությամբ գործող արշավախմբի կողմից Տանձափարախի (Բեխի, Արիստակեսի) անապատի տարածքում «Երկիր և մշակույթ» կազմակերպության նախաձեռնած պեղումների և բարեկարգման աշխատանքների ընթացքում՝ գավթի հարավային պատի լիցքից հայտնաբերված գտածոն՝ բազալտե դիմաքանդակի բեկորը, և այլ նյութեր։ Դրանք Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) կողմից հատկացվեցին Կապանի երկրագիտական թանգարանին։

Այդ օրերին ՀԱԻ հնագիտական արշավախումբը՝ հնագետ Գագիկ Սարգսյանի ղեկավարությամբ, շարունակում էր 2024 թվականից սկսած պեղումները պատմական Կապանի հնավայրում՝ Սյունիքի թագավորության մայրաքաղաքում։ Պեղումներից հայտնաբերվել էին իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ, մագաղաթյա մատյանի կազմի փակիչի մասեր և այլ հնագիտական արժեք ներկայացնող իրեր, որոնք արդեն հանձնվել էին թանգարանին։ Պեղումներին մասնակցում է նաև 2022-ից Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը։

Նոյեմբերի 10-ին Գ․ Սարգսյանի և ճարտարապետ դստերս՝ Գայանեի (իրականացրեց այդ օրերին «Կապան» հնավայրից հայտնաբերված ցուցանմուշների չափագրումը) հետ այցելեցինք թանգարան և այնտեղ հանձնեցինք բազալտե դիմաքանդակն ու խեցեղենի բեկորները։ Ընթացքում շրջեցինք թանգարանում, ծանոթացանք հարուստ ցուցադրությանը, զրուցեցի տնօրենի հետ։

Առաջին հարկի մի ցուցասրահում ներկայացված է Սյունիքի 19-20-րդ դարերի պատմությունը, հայ-թաթարական բախումները, Առաջին աշխարհամարտը, Զանգեզուրի գոյամարտը, նույն գոյամարտի հերոսների անձնական նամակները, իրերը, զենքերը։ Մյուս ցուցասրահում տարածքի ազգագրությանը վերաբերող ցուցանմուշներ են՝ տարազ, գորգեր, կարպետներ, գյուղատնտեսական գործիքներ, խոհանոցային իրեր և այլն։

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Սյունիքի թագավոր Գրիգոր Ա-ի (1051-1072 թթ․), իշխանուհի Դինարի (Սոմխեթիի իշխանաց իշխան Գուրգենի քույրը) և Սյունիքի թագավորության սպարապետ Հասանի (10-րդ դարավերջ-11-րդ դարասկիզբ) կիսանդրիները, որոնք վերականգնվել են Վահանավանքի պեղումներից հայտնաբերված գանգերի հիման վրա՝ հայտնի պրոֆեսոր Ճաղարյանի կողմից։

Ա․ Հայրապետյանը տեղեկացրեց՝ թանգարանն ունի ավելի քան 13 000 ցուցանմուշ, որոնց միայն 10 տոկոսն է ցուցադրվում։ 10 հոգանոց անձնակազմն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ օրերին։

«Մասնակցում ենք «Թանգարանների եվրոպական գիշեր», ինչպես նաև «Թանգարանների գիշեր» ծրագրին։ Նախորդ տարվա տվյալներով՝ թանգարանը հանդես է եկել 20 ցուցադրությամբ», – ասաց Ա․ Հայրապետյանը՝ հավելելով, որ իր ղեկավարած տարիներին այցելուների թիվը քառապատկվել է, և չի եղել մի այցելու, որ դժգոհ կամ ոչ տպավորված հեռանա թանգարանից։

Նախատեսված է, որ 2027-ից թանգարանը բաց կլինի ամեն օր։  Ա․ Հայրապետյանը կարևորեց, որ գնալով ավելանում է այցելուների թիվը։ 2025-ին թանգարան այցելել է 5165 հոգի։ Նշեց նաև, որ այցելուների մեծ մասը զբոսաշրջիկներ են, շատ են արտերկրից եկածները։

Թանգարանում իրականացվում են նաև մի քանի ծրագիր՝ «Սյունիքյան տարազ», «Մագաղաթյա թերթերի պատրաստում», «Ժայռապատկերների հետքերով» և այլն։ Համագործակցելով Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերին համապատասխան՝ իրականացվում են դպրոցականների այցեր թանգարան։ Յուրաքանչյուր աշակերտ իր ընտրած թեմային ավելի լավ ծանոթանալու նպատակով կարող է այցելել թանգարան, ստանալ հավելյալ տեղեկություն։

Կապանի երկրագիտական թանգարանը համագործակցում է նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և այլ թանգարանների հետ։ Ունեն գործընկերներ արտերկրում՝ Իտալիայում, Գերմանիայում, առաջիկայում նաև՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այդ գործընկերության արդյունքում Կապանի թանգարանում պահվող կենդանական ծագմամբ առարկաներն ուղարկվել են Գերմանիա՝ լաբորատոր ուսումնասիրությունների։ Համագործակցում են նաև տարածքում հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ իրականացնող արշավախմբերի հետ։

2026 թ․ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աջակցությամբ թանգարանում բացվել է ցուցանմուշների վերականգնման և ամրակայման կենտրոն, որը մարզում միակն է, ՀՀ-ում՝ հինգերորդը։

Թանգարանի տնօրենի ուղեկցությամբ բարձրացանք երկրորդ հարկ, որտեղ 2026 թ․ հունիսի 1-ից գործում է «Սյունիքը՝ ուրարտական ժամանակաշրջանում» խորագիրը կրող ցուցադրությունը։ Դահլիճի կենտրոնում ուրարտական շրջանի հեծյալն է՝ ձիու վրա։ Ներկայացված ցուցանմուշները հիմնականում հայտնաբերվել են Կապանի տարածաշրջանում։

2023 թ․ ուրարտական շրջանի այդ գտածոներից ձիու ճակատակալը, որի վրա կա սեպագիր արձանագրություն, տնօրենի որոշմամբ ուղարկվել է «Էրեբունի» թանգարան՝ ամրակայելու նպատակով։ Ա․ Հայրապետյանն ուրախությամբ նշեց՝ Մանվել Ղազարյանը սիրով իրականացրել է ամրակայման աշխատանքը․ այժմ ցուցանմուշը Կապանում է և ցուցադրվում է թանգարանում։ Սեպագիր արձանագրությունը վերծանվել է․ «Արգիշտիի զինանոց»։

Ցուցադրության նմուշների հավաքումը սկսվել էր դեռևս 10 տարի առաջ և ընդգրկում էր 200 առարկա։ Սակայն 2026-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետևողական աշխատանքի արդյունքում Կապանի թանգարանին է հանձնվել Եղվարդի պեղումների արդյունքում հայտնաբերված մոտ 3000 գտածո՝ տարբեր անձանցից։ 2026-ին նաև Սզնակ-Դիցմայրի տարածքի պեղումների արդյունքում մոտ 1000 միավոր ուրարտական ժամանակաշրջանի գտածո է հանձնվել թանգարանին։

Այս գտածոների արդյունքում էլ 2026 թ․ հունիսի 1-ից իրականացվում է «Սյունիքը՝ ուրարտական ժամանակաշրջանում» խորագիրը կրող մետաղագործության ցուցադրությունը՝ ձիասարքի դետալներ, ճարմանդներ, գուրզեր, սակրեր, ապարանջաններ, նետասլաքներ, կնիք-մատանիներ և այլն։

Սեպագիր արձանագրություն ունի նաև զրահաբաճկոնի կոճակը։ Տնօրենը տեղեկացրեց նաև, որ այդ առարկաների մեջ կան մոտ 30 ցուցանմուշ, որոնք միակն են ՀՀ-ում։

Թանգարանն ունի նաև ուսումնական պեղավայր դպրոցականների համար։ Թանգարանի ձևավորված բակում էլ ցուցադրված են Կապանի տարածաշրջանի Կիցք-Քիրս, Քաջարան, Դավիթ-Բեկ, Առաջաձոր, Արծվանիկ և այլ բնակավայրերի տարածքներից բերված խաչքարեր, տապանաքարեր, սանդեր, քարե այլ առարկաներ։ Խոյակերպ տապանաքարերից մեկն ունի արձանագրություն․ «Այս է տապան Հասան իշխանի»։

Այստեղ է տեղափոխվել և վերականգնվել 2026-ի գարնանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հայտնաբերված դամբարանադաշտի դամբարաններից մեկը։ Հնագիտական ու վերականգնողական աշխատանքներն իրականացվել են ՀԱԻ արշավախմբի (ղեկավար՝ Հ․ Բադալյան, հնագետ՝ Տ․ Ալեքսանյան, ճարտարապետ՝ Ա․ Հախվերդյան) կողմից։

Զոհրաբ Ըռքոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment