Պուտինը Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հետ հանդիպումը պատմության նոր էջ է որակել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չինական Շենժեն քաղաքում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը դիվանագիտության պատմության նոր էջ է անվանել:

ՌԴ նախագահը նշել է, որ բանակցություններն անցել են անկեղծ մթնոլորտում և թույլ են տվել կողմերին ավելի լավ հասկանալ միմյանց դիրքորոշումները: Պուտինը հույս է հայտնել, որ նման եռակողմ հանդիպումները կշարունակվեն:

Նա ընդգծել է, որ գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են անվտանգությանը վերաբերող հարցեր՝ այդ բառի ամենալայն իմաստով։ Մի շարք առանցքային ուղղություններով կողմերին հաջողվել է հասնել փոխըմբռնման, թեպետ ոչ բոլոր հարցերի շուրջ են ձեռք բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։

«Մի շարք առանցքային ուղղություններով դիրքորոշումները համադրելու հարցում եթե ոչ պայմանավորվածություն, ապա փոխըմբռնում եղել է», – լրագրողներին ասել է Պուտինը:

Անդրադառնալով Վաշինգտոնի հետ հարաբերություններին՝ ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Թրամփն անկեղծորեն ձգտում է կարգավորել ուկրաինական հակամարտությունը և համագործակցություն հաստատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:

Պուտինի խոսքով՝ ամերիկյան վարչակազմի տրամադրվածությունը լավատեսություն է ներշնչում, թեև Վաշինգտոնի հետ հարաբերություններում ոչ միշտ է հաջողվում ձեռք բերված պայմանավորվածությունները հասցնել գործնական իրագործման։

Խոսելով եվրոպական անվտանգության ոլորտում Ռուսաստանի պահանջների մասին՝ Պուտինը նշել է, որ հանդիպմանը դրանք մանրամասն չեն ձևակերպվել, սակայն շեշտել է, որ դրանք իրավաչափ է համարում։

Ռուսաստանի նախագահը հաջողված է որակել Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռակողմ ձևաչափը՝ միաժամանակ չբացառելով, որ հետագայում առանձին որոշումներ կարող են կայացվել նաև այլ ձևաչափերով:

Sputnik Արմենիա

Leave a comment