ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան գրառումը
Ժամանակ առ ժամանակ մամուլում շրջանառության մեջ են դրվում «լուրեր», թե իբր իմ ուսման վարձը վճարել է Մանվել Գրիգորյանի ընտանիքը։ Պատահական չէ, որ այս թեման մամուլ է լցվում հենց այն ժամանակ, երբ երեկվա հարցուպատասխանի շնորհիվ հայտնի դարձած Մեսրոպ Մանուկյանը կատաղության նոպաների պահերին դահլիճում իմ ուղղությամբ նմանատիպ ակնարկներ է անում։ Ըստ երևույթին, իմ լռությունը նրան հիմք է տվել կարծելու, թե վերջապես գտել է մի ծանրակշիռ փաստարկ, որով կարող է հարվածել ինձ կամ իմ քաղաքական ուժին։
Մինչդեռ իրականում սա ոչ այլ ինչ է, քան իրականության կանխամտածված խեղաթյուրում ու հանրային միջոցները սեփական գրպանի հետ շփոթելու հին ու արատավոր մտածողության դրսևորում։
Իրականությունը շատ պարզ է ու փաստարկված. 2011 թվականին Արշալույսի համայնքապետարանի ավագանու որոշմամբ իրականացվել է ծրագիր, որով համայնքային բյուջեից մեկ կիսամյակի կտրվածքով 90 000 դրամի չափով փոխհատուցում է տրամադրվել գյուղից բուհերում սովորող այն ուսանողներին, որոնց ընտանիքները ամբողջությամբ կատարել էին համայնքի հանդեպ իրենց հարկային պարտավորությունները։ Այսինքն՝ դա եղել է պարտաճանաչ հարկատու լինելու և համայնքային բյուջեի վերաբաշխման արդյունք։ Իսկ Մեսրոպ Մանուկյանի կուռքը այս պատմության հետ կապ ունի այնքանով, որ այդ ժամանակ համայնքապետը եղել է նրա եղբոր որդին։
Բայց այս պատմությունը իմ ուսման վարձի մասին չէ։ Սա պատմություն է նախահեղափոխական Հայաստանի ու այդ ժամանակների արտոնյալների արատավոր մտածողության մասին։ Տարիներ շարունակ մեզանում փորձել են արմատավորել մի համակարգ, որտեղ քաղաքացիների բարեխիղճ աշխատանքով ու վճարած հարկերով գոյացած համայնքային բյուջեն ներկայացվում էր որպես պաշտոնյայի անձնական սեփականություն, իսկ օրենքով ու ավագանու որոշմամբ հասանելիք աջակցությունը՝ որպես «անձնական լավություն», որի դիմաց մարդիկ պետք է իրենց պարտական ու կախյալ զգային։
Բայց համայնքային բյուջեն համայնքապետի անձնական դրամապանակը չէ։ Առավել ևս՝ նրա հորեղբոր։
Ես սովորական գյուղացու աղջիկ եմ։ Իմ ծնողները կոռուպցիոն, ֆեոդալական համակարգի մաս չեն եղել, մեր ընտանիքը իշխանության հետ արտոնյալ հարաբերություններ չի ունեցել, և ինձ համար հեշտ չի եղել ձեռք բերել այն ամենը, ինչ իշխանության հետ սերտաճած ընտանիքների զավակների համար գուցե սովորական ու ինքնըստինքյան հասանելի է եղել։
Հաշվի առնելով ընտանիքիս սոցիալական վիճակը՝ ես բարձրագույն կրթություն ստանալու համար ստիպված եմ եղել աշխատել, որպեսզի վարձս վճարեմ, օգտվել եմ համայնքի ծրագրից, դիմել եմ կրթաթոշակային այլ ծրագրերի։ Իմ բարձրագույն կրթության ճանապարհին էական դեր են ունեցել Հայ կրթական հիմնարկությունը և նրա բարերարները, որոնք իրենց անձնական միջոցներն են ներդրել երիտասարդների կրթության մեջ՝ առանց որևէ քաղաքական պահանջի, և ես նրանց անկեղծորեն երախտապարտ եմ։
Իմ կրթությունը մեկ ուսանողի կրթության պատմությունը չէ։ Այն իմ ընտանիքի զոհողությունների, իմ աշխատանքի, իմ համագյուղացիների վճարած հարկերի և կրթության կարևորությանը հավատացող բարերարների աջակցության համատեղ արդյունքն է։
Գուցե Մեսրոպ Մանուկյանը չի նկատել, բայց Հայաստանում բոլորի կյանքն այնքան հեշտ չի եղել, որքան կարող էր երևալ իշխանության արտոնյալ շրջանակներից։ Եվ դրանով մարդկանց ամաչեցնելու փորձերը ոչ այլ ինչ են, քան նրա ու նրանց խեղված պատկերացումների արտացոլանքը պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին։ Հայաստանի բազմաթիվ ազնիվ ու պարկեշտ մարդիկ հենց այդպես են ապրել՝ աշխատելով, դժվարություններ հաղթահարելով, սեփական երեխաների կրթության համար միջոցներ հայթայթելով, երբեմն սեփական կարիքներից հրաժարվելով, բայց չհրաժարվելով իրենց երեխաների ապագայից։
Ավելին՝ այն նույն ժամանակահատվածում, երբ Մեսրոպ Մանուկյանը Ազգային ժողովի միջանցքներում Մանվել Գրիգորյանի կոստյումն էր բռնում, իսկ ես Հայաստանի փողոցներում պայքարում էի մարդու ազատությունների ու ժողովրդավարության համար, նույն Մանվել և Զարզանդ Գրիգորյանների թիկնապահները ահաբեկում էին ընտանիքիս անդամներին՝ պահանջելով ինձ «փողոցից տուն բերել»։ Սա է եղել նրանց իրական վերաբերմունքը թե՛ իմ ընտանիքի, թե՛ ազատ խոսքի հանդեպ։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր համագյուղացիներին, որոնց ազնիվ աշխատանքով ստեղծված և համայնքին վճարված հարկերի շնորհիվ ես և մեր գյուղի մյուս ուսանողները կարողացել ենք ստանալ աջակցությունն ու շարունակել մեր կրթությունը։ Ինձ որպես մարդ ու քաղաքացի ստեղծել ու ձևավորել են իմ գյուղի աշխատասեր, արժանապատիվ մարդիկ, որոնք ի հեճուկս տարիներով տիրող ֆեոդալական բարքերի ու ամենաթողության՝ շարունակել են ապրել, արարել ու բարիք ստեղծել իրենց հողի վրա։ Եվ հենց այդ նույն մարդիկ էլ 2018-ին կանգնեցին հեղափոխության կողքին՝ վերջ դնելով հանրային ռեսուրսը սեփականաշնորհելու և քաղաքացուն կախվածության մեջ պահելու այդ արատավոր ընթացքին։ Մեսրոպ Մանուկյանն ու իր շրջապատը լավ կանեին Հեղափոխության աշխարհաքաղաքական հովանավորներ որոնելու փոխարեն նայեին այն աշխարհին, որ ստեղծել էին իրենք և որում ապրելը ամենօրյա պայքար էր ինձպեսների համար։
Թերևս հենց սա է պատճառը, թե ինչու ենք մենք քաղաքականապես հաջողում։ Մեր ժողովուրդը մեզ պորտալարով կապված է, և ժողովուրդը շատ լավ գիտի, որ մենք ընտրվում ենք հատկապես նրա համար, որ իրենք այլևս երբեք այդպես չապրեն, իսկ իրենք իշխանություն են ուզում հենց նրա համար, որ ժողովուրդը նորից այդպես ապրի։
Ես իմ գյուղի մարդկանց շնորհակալ եմ։ Եվ թույլ չեմ տա, որ նրանց ստեղծած բարիքի համար իմ երախտագիտությունը որևէ մեկը սեփականաշնորհի։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: