Իյա, արդեն ես չե՞մ կանգնեցրել պատերազմը։ Հիմա մի հատ կողմնորոշվեք՝ ես պիտի կանգնեցնեի՞ պատերազմը, թե՞ չպիտի կանգնեցնեի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը ձայնագրության միջոցով հիշեցրել է վարչապետին Սյունիքից զորքերը հետ քաշելու վերաբերյալ նրա իրարամերժ հայտարարությունները։

«Մենք Սյունիքից դիրքեր երբեք հետ չենք քաշել»,– երեկ Ազգային ժողովում հայտարարել էր Փաշինյանը։ Մինչդեռ ավելի վաղ, կրկին խորհրդարանում, նա հայտարարել էր, որ զորքերը հետ քաշելու հրամանը տվել է անձամբ ինքը, իսկ այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կատարել է իր հրամանը։

Փաշինյանը հորդորեց կրկին միացնել ձայնագրությունը, ապա հարցրեց,  թե որտեղ է Սյունիքի անունը տվել։

«Սյունիքն ունի կոնկրետ սահմաններ։ Կարող ենք ասել, որ Սյունիքի սահմանն անցնում է Կասպից ծովի կենտրոնով, և կան ՀՀ-ում քաղաքական ուժեր, որոնք այդպես են ասում։ Սյունիքն ինձ համար կոնկրետ հասկացություն է։ Ես ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից զորք հետ քաշելու հրաման երբևէ չեմ տվել։

Ձայնագրությունը միացնում եք, սենց էլ նայում եք դատապարտող հայացքով՝ այ, հլը տեսեք՝ ինչ էր ասում այն ժամանակ, ինչ է ասում հիմա։ Այսպիսի լկտիությո՞ւն էլ կլինի։

Սյունիքը ո՞րն է։ Սյունիքն ունի կոնկրետ քարտեզ։ Այդ զորքը հետ է քաշվել իմ հրամանով՝ Վաղարշակ Հարությունյանի կողմից, և կանգնել է Սյունիքի սահմանին։ Այդ զորքը Սյունիքից առաջ է եղել, հետ է քաշվել։ Հետ է քաշվել, գիտե՞ք ինչի համար. որովհետև եթե հետ չքաշվեր, ձեր ու մյուսների ցանկացած 5000 զոհն էր լինելու, այլ ոչ թե 3000»,– ասաց Փաշինյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ինքը չի ցանկացել, որ զոհեր լինեն, այլ Փաշինյանը չի կանգնեցրել պատերազմը, վարչապետն արձագանքեց.

«Իյա, արդեն ես չե՞մ կանգնեցրել պատերազմը։ Այս դեպքում կանգնեցրել եմ՝ այ, այ, դավաճան, այն դեպքում էլ չեմ կանգնեցրել՝ այ, այ, դավաճան։ Հիմա մի հատ կողմնորոշվեք՝ ես պիտի կանգնեցնեի՞ պատերազմը, թե՞ չպիտի կանգնեցնեի»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment