ՀՀ կառավարությունը հույս ունի, որ մինչև 2033 թ–ն կավարտի 10 ջրամբարի, ինչպես նաև 350 կմ երկարությամբ ջրատարների ու խողովակաշարերի կառուցումը, որոնք կապահովեն 10 հազար հա հողերի համար ոռոգում և 24–ժամյա ջրամատակարարում Երևանում, Գյումրիում և Վանաձորում։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության 2026–2031 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը։
Բացի այդ, ըստ նրա, այս ժամանակահատվածում կկառուցվեն 2500 կմ ավտոճանապարհ, 40 կամուրջ, ինչպես նաև կլինի տարածաշրջանային էներգետիկ համակարգերի հետ ինտեգրում։ Բացի այդ, կգործարկվեն 1000 ՄգՎտ ֆոտովոլտային և 800 ՄգՎտ կուտակիչ էլեկտրակայաններ։
Ընդհանուր առմամբ, փոխվարչապետի խոսքով, նախատեսվում է 733 միջոցառում` բարեփոխումների 6 հիմնական ուղղություններով, որոնց մեջ մտնում են Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացումը, վիզաների ազատականացումը, առևտրի բազմազանեցումը և այլն։
Բացի այդ, նախատեսում է տարեկան միջինում 6 տոկոս տնտեսական աճ, 125 հազար նոր աշխատատեղ, հայաստանյան ապրանքների արտահանման առնվազն կրկնապատկում, արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50 տոկոսի աճ, հացահատակի արտադրության կրկնապատկում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հիշեցրեց, որ մինչև 2029 թվականը պետք է ունենան վիզաների ազատականացում։
«Լինում է այնպես` երբ խնդիր ենք դնում ու ժամկետ սահմանում, ժամանակի հետ այդ խնդրի իրականացնումը սկսում է թվալ պակաս ու պակաս իրատեսական։ Մինչդեռ իմ տպավորությամբ` ԵՄ–ի հետ վիզաների ազատականացումն այն թեմաներից է, որ ժամանակի հետ` 2029 թվականին, այդ արդյունքն ունենալն ավելի իրատեսական է թվում` մանավանդ մեր քաղաքական հարաբերությունների համատեքստում»,– հայտարարեց նա` ավելացնելով, թե կենսաչափական անձնագրերի ներդրումն այդ հարցում մեծ առաջընթաց կապահովի։
ՀՀ կառավարության 2026–2031 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրն այսօրվա նիստի ժամանակ հաստատվեց։