Ադրբեջանցի զինծառայողի գործով նիստի օրը հայտնի է

Հասարակություն

Ադրբեջանցի զինծառայողի գործով նիստի օրը հայտնի է

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաեւի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս»-ից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել էր դատարան։ Այն մակագրվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչ Դաջունցին։ Դատական նիստերը տեղի են ունենալու Գորիսի նստավայրում։

2026 թվականի սեպտեմբերի 26-ին Նասիմի Մուսաեւը հատել էր պետական սահմանը եւ ապօրինի մուտք գործել ՀՀ տարածք՝ իր հետ ունենալով 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի ինքնաձիգ և 7,62 մմ (7,62×39) տրամաչափի ռազմամթերք, ինչպես նաեւ ապօրինի կրել է սառը զենք հանդիսացող սվին-դանակը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ հասել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, որտեղ 2026 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, անտեսելով նույն բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տան բնակիչների կամքը, ապօրինի մուտք է գործել նշված բնակարան։

Նա այնտեղ ինքնաձիգից արձակել է վեց կրակոց։

Դրանցից մեկը, ըստ մեղադրական եզրակացության, դիպել է Անի Ավետիսյանի ձախ ազդրին՝ պատճառելով միջանցիկ հրազենային վիրավորում, ինչից հետո Անի Ավետիսյանին գցել է մահճակալին եւ բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ այդպիսով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտվել են ձախ դաստակի առաջին մատի հիմնային ֆալանգից սուբտոտալ անդամահատման, 3-4-րդ մատների դիստալ ֆալանգների պատռած վերքերի՝ ոսկրերի եզրային կոտրվածքների և այրվածքի, աջ նախաբազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի, ձախ բազկի շրջանի քերծվածքների, աջ դաստակի շրջանի ճանկռվածքի, ձախ նախաբազկի շրջանի արյունազեղման և ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով, որն ուղեկցվել է ազդոսկրի ստորին երրորդականի դիաֆիզալ բազմաբեկոր կոտրվածքի, մկանների և նյարդանոթային խրձի վնասման՝ առաջ բերելով ծավալուն արյունահոսության։

Դեպքից հետո Նասիմի Մուսաևը դիմել էր փախուստի եւ թաքնվել Շաքիի տներից մեկի կից անասնագոմի տարածքում, որտեղ նույն օրը հայտնաբերվել եւ ձերբակալվել է իրավապահ մարմինների ծառայողների կողմից

Leave a comment