Ամերիկյան ընկերությունը ՀՀ պաշտոնյաներին է ներկայացրել երկաթուղու ուսումնասիրության արդյունքները․ քննարկվել են ԹՐԻՓՓ-ի շրջանակում նոր ներդրումները

Ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներն այս շաբաթ կրկին այցելել են Հայաստան՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․

«AECOM ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներն այս շաբաթ կրկին Հայաստանում էին՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները և դիտարկելու ԹՐԻՓՓ-ի շրջանակում ենթակառուցվածքային լրացուցիչ ներդրումների հնարավորությունները»։

Հիշեցնենք՝ ԹՐԻՓՓ («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի շրջանակում նախատեսվում է վերականգնել Հայաստանի հարավով՝ Սյունիքի մարզով անցնող և Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող երկաթուղային հաղորդակցությունը։ Խոսքը խորհրդային տարիներին գործած, սակայն տասնամյակներ շարունակ չշահագործվող երկաթուղու մոտ 42 կմ երկարությամբ հայկական հատվածի մասին է։

Միաժամանակ, Հայաստանի գործող երկաթուղային ցանցը 2008 թվականից կոնցեսիոն պայմանագրով կառավարում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցների պայմաններում ռուսական կառավարումը կարող է խոչընդոտել միջազգային բեռնափոխադրումների և ներդրումների ներգրավմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ կողմի։

Հոկտեմբերի 14-ին Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբ՝ Հայաստանի երկաթուղային ցանցի միջոցով տարանցիկ հաղորդակցությունների զարգացման հնարավորությունները գնահատելու համար։ Ռուսական կողմը, միաժամանակ, հայտարարել է գործող կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները շարունակելու մտադրության մասին։

Նոյեմբերի 17-ին Երևանում կայացել է աշխատանքային խմբի առաջին նիստը։ Հայկական կողմը ներկայացրել է երկաթուղային ցանցի զարգացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման իր տեսլականը, իսկ ռուսական կողմը՝ բեռնահոսքերի աճի, մրցակցության և ներդրումների վերադարձելիության վերաբերյալ գնահատականները։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ աշխատանքային խումբը գործելու է ևս երեք ամիս, իսկ հայկական կողմի համար առաջնահերթ է երկաթուղու վերազինումն ու ընդլայնումը։

Այսպիսով, հայկական երկաթուղու կառավարման և զարգացման հարցով հայ-ռուսական քննարկումները շարունակվում են, սակայն կոնցեսիայի փոխանցման վերաբերյալ վերջնական համաձայնության մասին դեռ չի հայտարարվել։



Հիշեցնենք՝ Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել էր ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում Մեղրիով անցնող երկաթուղու վերականգնման հեռանկարներին և տեղի բնակիչների սպասումներին ու մտահոգություններին։ Մեղրիի բնակիչները մի կողմից հույս ունեն, որ նախագծի իրականացումը կնպաստի տնտեսական ակտիվությանը, աշխատատեղերի ստեղծմանը և բեռնափոխադրումների դյուրացմանը, մյուս կողմից՝ մտահոգված են անվտանգային հարցերով։

Factor TV-ն ներկայացրել էր նաև առկա ենթակառուցվածքային խնդիրները․ խորհրդային երկաթգիծը վաղուց ապամոնտաժվել է, իսկ գործող ավտոճանապարհները նեղ են միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների համար։

Leave a comment