ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում չի բացառել, որ դեկտեմբերի 3–ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվի նաև «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրի հարցը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Հարցը, որը պետք է պատասխան ստանա, հետևյալն է Հայաստանի երկաթուղին արդականացման համար մեծ ներդրումների կարիք ունի։ «Ռուսական երկաթուղիների» հարգելի տնօրենը, երբ եկել էր, ես ասել եմ, որ մեզ կոնկրետ հարցերի պատասխաններ են պետք։ Իմիջիայլոց, աշխատանքային խումբը ստեղծվել է հենց այդ հարցերի պատասխանները տալու համար։ Իսկ իրականում հարցը մեկն է արդյոք «Ռուսական երկաթուղիները» պատրաստվում են ներդրումներ անել անհրաժեշտ ծավալի, որպեսզի Հայաստանի երկաթուղին անհրաժեշտ մրցունակության մակարդակի բերվի»,– հայտարարել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ ռուսական կողմի պատրաստակամության դեպքում խնդիր չի առաջանա, հակառակ պարագայում հայկական կողմը ստիպված կլինի այլ ներդրողներ փնտրել։
Անդրադառնալով Դուբլինում արված իր այն հայտարարությանը, որ դեկտեմբերին 3 անգամ այցելելու է Ռուսաստան բանակցություններ վարելու նպատակով՝ վարչապետն ասել է, որ դեկտեմբերի 3-ին նախատեսում է աշխատանքային այցով մեկնել Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է «Ազատությունը»:
Փաշինյանը մանրամասնել է, որ դեկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ վարչապետերի ձևաչափով հանդիպումը, իսկ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով առաջնորդների ամենամյա հանդիպումները։
Նա հիշեցրել է, որ Պուտինի հետ հանդիպելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել սեպտեմբերին Բիշքեկում:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվայում կայանալիք բարձր մակարդակի ռուս-հայկական բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Հայաստանի ապագա կողմնորոշումը և այս հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը:
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքները «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարմանն են փոխանցվել 2008 թվականի փետրվարին՝ 30 տարի ժամկետով և պայմանագիրը ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։