«ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների բյուջեն Կառավարության նախորդ ծրագրի մեկնարկի՝ 2021 թվականի համեմատ աճել է ավելի քան 2.5 անգամ։ 2027 թվականին այս ուղղություններին կհատկացվի ավելի քան 435 միլիարդ դրամ՝ 23 բյուջետային ծրագրի և 193 միջոցառման իրականացման համար»,- ասել է նախարարը։
Բյուջեն՝ որպես ժամանակի և զարգացման ռեսուրս
Անդրադառնալով ֆինանսական հատկացումների արդյունավետությանը՝ նախարարն ընդգծել է, որ բյուջեն ոչ միայն ֆինանսական, այլև ժամանակային ռեսուրս է, որը պետք է ծառայի զարգացմանը, այլ ոչ թե դառնա իներցիոն գործընթաց։
«Եթե մեր ներդրումներն իմաստավորվում են ժամանակի մեջ, արդեն կարող են մեզ տանել դեպի զարգացում։ Բյուջեի յուրաքանչյուր նախագծի շրջանակում մենք կարևոր խնդիր ունենք սեփական անելիքները վերաիմաստավորելու, նախորդող ժամանակահատվածը վերլուծելու և առաջիկա անելիքները պլանավորելու»,– ասել է նախարարը։
Կապիտալ ծախսերի աննախադեպ աճ
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախկինում կապիտալ ծախսերի ոլորտում առկա էին ինստիտուցիոնալ կարողությունների խնդիրներ, սակայն ներկայում պլանավորումն ու իրականացումը հասել են հավասարակշռության։ Փաստացի կապիտալ ծախսերի դինամիկան հետևյալն է.
- 2018 թվական՝ 1.3 միլիարդ դրամ
- 2025 թվական՝ 129.3 միլիարդ դրամ (փաստացի կատարողական)
- 2026 թվական՝ 165.5 միլիարդ դրամ (նախատեսված պլան)
- 2027 թվական՝ 164.4 միլիարդ դրամ, որը կազմում է նախարարության ընդհանուր հատկացումների 37.7%-ը
Կրթական և մարզամշակութային ենթակառուցվածքների արդիականացում
Նախարարը մանրամասներ է ներկայացրել խոշոր կապիտալ ծրագրերի ընթացքի վերաբերյալ.
Դպրոցներ և մանկապարտեզներ. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի տարեկան կատարողականը 2021 թվականի 12.9 միլիարդ դրամից 2025-ին ավելի քան իննապատկվել է՝ գերազանցելով 120 միլիարդ դրամը, իսկ 2026-ին ակնկալվում է շուրջ 150 միլիարդ դրամի կատարողական։ Դպրոցների և մանկապարտեզների կառուցման և բարեկարգման ընթացիկ ծրագրի ավարտից անմիջապես հետո՝ 2027 թվականին, կմեկնարկի հաջորդ 300 դպրոցի և 100 մանկապարտեզի կառուցման գործընթացը։
Քոլեջներ. կվերակառուցվի առնվազն 30 քոլեջ՝ ապահովելով տնտեսության տարբեր ճյուղերի (էներգետիկայից մինչև երկաթուղային գործ) կադրային պահանջարկը։
Ակադեմիական քաղաք. Ակադեմիական քաղաքում մեկնարկում է 3600 տեղանոց ուսանողական կացարանների կառուցումը, որում ներգրավված են նաև ճարտարապետության և շինարարության ուղղությամբ սովորող ուսանողները։
Արվեստի և մարզական դպրոցներ, սպորտ և երիտասարդություն. նախատեսվում է կառուցել՝
- 100 արվեստի և սպորտի դպրոց
- 100 կոմբինացված մարզահրապարակ
- 30 երիտասարդական կենտրոն
- ավելի քան 10.000 տեղանոց 3 ստադիոն՝ Վանաձորում և Իջևանում, ևս մեկ արդիականացված ստադիոն Կապանում, որոնք հիմք կստեղծեն 2029 թվականին ֆուտբոլի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը մեր երկրում հյուրընկալելու համար։
Մշակույթ և հուշարձաններ. պատմամշակութային հուշարձանների վերականգնման հատկացումներն ավելի քան ութապատկվել են՝ 213 միլիոն դրամից հասնելով 1.79 միլիարդ դրամի (նախատեսվում է 40 հուշարձանի վերականգնում)։ Նախորդ տարի շուրջ 1 միլիարդ դրամ է հատկացվել թատրոնների, համերգասրահների և 19 թանգարանների կապիտալ աշխատանքներին։
Նախարարն ընդգծել է, որ ոլորտում իրականացվող ներդրումներն ուղղակիորեն նպաստում են հանրային և տնտեսական զարգացմանը՝ Հայաստանը դարձնելով միջազգային կարևոր իրադարձությունների անցկացման հարթակ։
Բյուջեն պետք է անմիջական ազդեցություն ունենա քաղաքացիների կյանքի որակի վրա
Նախարարն ընդգծել է, որ ԿԳՄՍՆ ոլորտներում իրականացվող ներդրումներն ուղղակիորեն նպաստում են հանրային և տնտեսական զարգացմանը՝ Հայաստանը դարձնելով միջազգային կարևոր իրադարձությունների անցկացման հարթակ։ Նրա խոսքով՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերն ուղղված են ոչ միայն ոլորտների զարգացմանը, այլև քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը, առողջ ապրելակերպի խթանմանը և մշակութային կյանքի ակտիվացմանը։
Միջազգային մարզամշակութային խոշոր միջոցառումների անցկացման համար 2027 թ․ նախատեսված է ավելի քան 5,4 միլիարդ դրամ
Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որոնց նախատեսվում է շուրջ 50 երկրի և ավելի քան 4000 մասնակցի ներգրավում՝ 10 մշակութային և 10 մարզական անվանակարգերում։ «Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ ամբողջությամբ կարգի է բերվում «Հրազդան» մարզադաշտի աթլետիկական ենթակառուցվածքը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը։
Հայաստանը կհյուրընկալի նաև աշխարհի և Եվրոպայի վեց խոշոր մարզական առաջնություն՝
- սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը,
- կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը,
- բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, սպորտային պարերի աշխարհի առաջնությունը՝ 10 պարաձևով,
- մինչև 21 տարեկանների, երիտասարդների և պատանիների վարկանիշային մրցումները
- լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկան տղաների ու աղջիկների Եվրոպայի առաջնությունը,
- երկրորդ անգամ կանցկացվի նաև «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի մրցաշարը, որի ավելի քան 500 կմ երկարությամբ երթուղին կանցնի Հայաստանի տարբեր բնակավայրերով՝ նպաստելով երկրի միջազգային ճանաչելիությանը։
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն երկու կատարողների հյուրախաղեր են նախատեսվում, որի կազմակերպման համար արդեն մրցույթ է հայտարարվել։
«Թվարկված իրադարձությունների անցկացումը մի կողմից վկայում է մեր պետությունում ինստիտուցիոնալ համարժեք կարողությունների ձևավորման մասին, մյուս կողմից՝ ցույց տալիս, որ Հայաստանը դառնում է վստահելի գործընկեր բազմաթիվ կարևոր միջոցառումների հյուրընկալման տեսանկյունից»,- նշել է նախարարը։
Ուսուցիչների վարձատրության բարձրացում և մասնագիտական զարգացում
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ բյուջեն պետք է անմիջական ազդեցություն ունենա քաղաքացիների կյանքի որակի վրա՝ հատկապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում։
2027 թվականին միայն ուսուցիչների խրախուսման հավելյալ ծրագրերին նախատեսվում է հատկացնել ավելի քան 22 միլիարդ դրամ։ Համեմատության համար՝ 2018 թվականին այդ նպատակով գործել է ընդամենը մեկ ծրագիր՝ 263 միլիոն դրամ բյուջեով։ Այսպիսով, ուսուցիչների հավելյալ խրախուսման ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 84 անգամ։
2025 թվականի ավարտի դրությամբ 9600 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է կամավոր ատեստավորումը՝ միջինում կրկնապատկելով վարձատրությունը։ 2026 թվականի ատեստավորմանը դիմել է ավելի քան 10 000 ուսուցիչ։
Շրջանառվում է նաև կամավոր ատեստավորման հաջորդ շրջափուլի նախագիծը, որով նախատեսվում է դրույքաչափը սահմանել 300 000 դրամ՝ դրան հավելելով 30, 40 և 50 տոկոս հավելավճարներ։
«Ուսուցչի վարձատրության բարձրացումը մեզ համար սահմաններ չունի, և յուրաքանչյուր նոր շրջափուլում մենք դրա համար սահմանելու ենք նոր պայմաններ ու հնարավորություններ»,- ընդգծել է նախարարը։
Ատեստավորման ծրագրերի ընդլայնում՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում
Ատեստավորման և տարակարգի մեխանիզմները ներդրվել են նաև քոլեջներում։ 2027 թվականին քոլեջների դասախոսների վարձատրության բարձրացմանը կհատկացվի ավելի քան 1 միլիարդ դրամ։
Պետության ֆինանսավորմամբ տարակարգի հնարավորություն է գործում նաև մանկապարտեզներում, որտեղ տարակարգ ստացած աշխատողների թիվը նախորդ տարվա համեմատ ավելի քան կրկնապատկվել է։ Ատեստավորվում են նաև արվեստի և սպորտի դպրոցների ուսուցիչները։
Գիտաշխատողների վարձատրությունը 300 տոկոսով ավելացել է
Նախարարն անդրադարձել է նաև գիտաշխատողների վարձատրությանը՝ նշելով, որ նախորդող շրջանում նրանց բազային վարձատրությունն արդեն բարձրացել է մինչև 300 տոկոսով, և այս քաղաքականությունը շարունակական է։
2,47 միլիարդ դրամ՝ մարզիկների և մարզիչների խրախուսմանը
Սպորտի ոլորտում ավելի քան 800 մարզիկների և մարզիչների խրախուսման համար 2027 թվականին նախատեսվում է շուրջ 2,47 միլիարդ դրամ՝ նպաստելով միջազգային առաջնություններին և Օլիմպիական խաղերին նրանց նախապատրաստմանը։
Ատեստավորում թանգարաններում և գրադարաններում
Ատեստավորման գործընթացը կընդլայնվի նաև մշակույթի ոլորտում։ Թանգարաններում այն արդեն մեկնարկել է, իսկ գրադարաններում կիրականացվի 2027 թվականի առաջին կիսամյակում՝ ապահովելով աշխատակիցների վարձատրության բարձրացման նոր հնարավորություններ։
«Մոտեցումը մնում է անփոփոխ. վարձատրության բարձրացումը փոխկապակցված է մասնագիտական զարգացման հետ՝ հետևելով Կառավարության ամենակարևոր սկզբունքին՝ կրթությունը մեր ռազմավարությունների ռազմավարությունն է»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը։
Նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնում
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ վերջին տարիներին էապես մեծացել է որակյալ կրթության հասանելիությունը։
2025 թվականին նախադպրոցական կրթության համակարգում 3–5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը կազմել է 81 տոկոս՝ 2021 թվականի 64,3 տոկոսի համեմատ աճելով շուրջ 17 տոկոսային կետով։
2026 թվականի ավարտին, 500 մանկապարտեզների ծրագրի ամփոփմամբ, նախատեսվում է ապահովել Կառավարության նախորդ ծրագրով սահմանված 85 տոկոս թիրախային ցուցանիշը։
Առաջին անգամ պետության ֆինանսավորմամբ համայնքային մանկապարտեզներում ներդրվել են մսուրային ծառայություններ մեկ տարեկան երեխաների համար։ 2027 թվականին նախատեսվում է մեկնարկել նաև վեց ամսական երեխաների համար նախատեսված մսուրային ծառայությունը։
Դպրոցական ավտոբուսներ․ նոր ծառայություն
Որակյալ դպրոցական կրթության հասանելիությունն ընդլայնելու նպատակով գործարկվում է դպրոցական ավտոբուսների նոր ծառայություն, որը տարբեր բնակավայրերի երեխաներին հնարավորություն կտա հաճախելու նորակառույց և հիմնանորոգված կլաստերային դպրոցներ։
2026 թ․ ծառայությունը փորձարկվում է հինգ կենտրոնում, իսկ 2027 թվականին նախատեսվում է այն ներդնել ևս 28 կենտրոնում։
Բարձրացել է քոլեջների գրավչությունը
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2026–2027 ուսումնական տարում քոլեջների առաջին կուրս է ընդունվել ավելի քան 16 000 ուսանող՝ 2021 թվականի համեմատ շուրջ 32 տոկոսով ավելի։
Նրա խոսքով՝ դրան նպաստել են գերակա մասնագիտությունների համար սահմանված ամսական 50 հազար դրամ կրթաթոշակները, աշխատանքի վրա հիմնված ուսուցումը և իրականացվող բարեփոխումները։
Միաժամանակ, մարզային քոլեջներում փոխհատուցվում են ավելի քան 7000 ուսանողների տրանսպորտային ծախսերը՝ միջին մասնագիտական կրթությունը դարձնելով առավել հասանելի։