Առաջարկում եմ սցենար, որը ավարտվում է իմ հեռացումով․ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքականությունից իր հեռացման հարցի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստան», «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները պետք է ասեն՝ միասնական Հայաստանի տեսլականը հետապնդում են, թե ոչ, Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը կիսում են, թե ոչ, քանի որ սա ունի քաղաքական հետևանքներ։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս հարցի պատասխանից է կախված պատերազմի կուսակցության բնորոշումը ինչքանով է համապատասխանում իրականությանը։
«Ես ընդդիմությանը առաջարկում եմ նոր Սահմանադրության տեքստը տանենք հանրաքվեին, եթե ժողովուրդը դեմ քվեարկի՝ հրաժարական կտամ, և չեմ հավակնի վարչապետի պաշտոնում։ Եթե ասեմ և չեմ անի, նշանակում է հեղափոխություն կլինի։ Եթե ժողովուրդը ասում է այո, ես մինչև վերջ տանեմ խաղաղության օրակարգը և հաջորդ ընտրություններին չեմ լինում վարչապետի թեկնածու, այսինքն ընդդիմությանը առաջարկում եմ քաղաքական սցենար, որը բոլոր դեպքերում ավարտվում է իմ հեռացումով, հիմա կերևա՝ իրենք ինձ հեռացնելու քաղաքական օրակարգ ունեն, թե չունեն, ձևեր են թափում։ Եթե իրենք ինձ չհեռացնեն, ես իրենց հեռացնելու եմ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է քաղաքականությունից իր հեռանալուն, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ՔՊ-ն պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածուն, սակայն չի ասի, որ քաղաքականությունից կհեռանա, և դա ճիշտ չի համարում։ «Եթե ընդդիմությունը մերժի, ցույց կտանք ակնհայտը, որ ընդդիմությունը հանդես է գալիս խաղաղության խոչընդոտի դերում, կգնանք արտահերթ ընտրությունների և իմ զգացողությունն ասում է, որ ընդդիմության այսօրվա երկու խմբակցությունները չեն անցնի խորհրդարան»,-ասաց նա։