Ավան վարչական շրջանում 6 խմբանի նոր տիպային մանկապարտեզ կկառուցվի
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ավան վարչական շրջանում 6 խմբանի նոր տիպային մանկապարտեզ կկառուցվի։
Ինչպես այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը, մանկապարտեզի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքների ձեռք բերման նպատակով հայտարարված բաց մրցույթի հայտերի բացումը տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարի 9 և գտնվում է պայմանագրի կնքման փուլում։
Նա տեղեկացրել է, որ աշխատանքները կմեկնարկեն պայմանագրի կնքումից հետո։
Թևոսյանի խոսքով՝ նախագծվող մանկապարտեզի մասնաշենքը լինելու է 3 հարկանի և ամբողջությամբ համալրված է լինելու օդափոխության և ջեռուցման համակարգերով, ինչպես նաև տեղադրվելու են ֆոտովոլտային և արևային ջրատաքացուցիչ համակարգեր։
«Շենքում նախատեսվում է տեղադրել հակահրդեհային ահազանգման և հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգեր։ Բակում նախատեսված է կառուցել ոռոգման համակարգ, նոր ճանապարհ, սիզամարգեր, մայթեր, մանկական խաղահրապարակներ», – նշեց Թևոսյանը։
Քաղաքապետի խոսքով՝ սա Ծարավ աղբյուրի սպասված մանկապարտեզի մրցույթն է, և շուտով փաստացի կսկսվեն շինարարական աշխատանքները։