Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին գանգատը և այն պաշտոնապես հաղորդել է ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել դիրքորոշում, հայտարարություն է տարածել նախկին պաշտոնյայի պաշտպանական խումբը։
«Դիմումը քննության է ընդունվել «well–established case-law» ընթացակարգով, ինչը նշանակում է, որ դրանում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց առնչությամբ Եվրոպական դատարանն արդեն ձևավորել է կայուն և հաստատված նախադեպային իրավունքի շրջանակ։ Այլ կերպ ասած՝ նմանատիպ իրավիճակներում խախտումները նախկինում բազմիցս արձանագրվել են դատարանի կողմից, և առկա է ձևավորված իրավական գնահատական»։
Փաստաբանների գանգատը վերաբերում է՝
կալանքի իրավաչափությանը, տևողության հիմնավորվածությանը,
դատարանների որոշումների պատճառաբանվածությանը,
️ իրավական որոշակիության և կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։
Աճս փուլում քննությունը վերաբերում է բացառապես կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին և չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաև չի կանխորոշում դատավարության արդյունքը։
«Հարկ ենք համարում հատուկ շեշտադրել նաև այն, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հիշյալ վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվել: Դատական գործընթացը ՀՀ–ում շարունակվում է»,– հայտնել են փաստաբանները։
2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։